ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելն անընդունելի է համարել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարությունները, որը նա արել է Բաքվում ընթացող COP29-ի շրջանակում։ Նա այդ մասին գրել է X-ի իր էջում։
Բորելը նշել է, որ այդ հայտարարությունները խաթարում են COP29-ի նպատակները, և որ ԵՄ–ն սատարում է Ֆրանսիային ու Նիդերլանդներին։
«Առավել ցավալի են Ալիևի մեղադրանքները ԵՄ, Ֆրանսիայի և Նիդերլանդների հասցեին։ Այս անընդունելի հայտարարությունները կարող են խաթարել կլիմայի փոփոխության կոնֆերանսի կենսական նշանակության նպատակները և Ադրբեջանի COP29-ի նախագահության հեղինակությունը։ Մենք սատարում ենք Ֆրանսիային և Նիդերլանդներին»,–ասվում է գրառման մեջ։
Նշվում է նաև, որ ԵՄ-ն և անդամ երկրները կլիմայի գլոբալ ֆինանսավորման ամենամեծ ավանդն ունեն՝ աջակցելով գործընկերներին ամբողջ աշխարհում կլիմայի փոփոխության դեմ պայքարում:
«Մենք նաև մերժում ենք Ադրբեջանի իշխանությունների հարձակումները ԶԼՄ–ների և ՈԿԿ–ների դեմ, որոնք պայքարում են երկրում մարդու իրավունքների ոլորտում կրիտիկական իրավիճակի դեմ»,–ասվում է գրառման մեջ։
Ալիևն իր խոսքում քննադատել է Փարիզին Ֆրանսիայի կողմից կառավարվող Խաղաղօվկիանոսյան կղզիներում բողոքի ցույցերը ճնշելու համար։ 20 տարուց ավելի երկիրը միանձնյա կառավարող բռնապետը Ֆրանսիայի իշխանություններին «Մակրոնի ռեժիմ» է անվանել։ Հարյուրավոր քաղբանտարկյալներ բանտերում ունեցող երկրի ղեկավարը փորձել է մարդու իրավունքների վերաբերյալ «դասեր տալ» արևմտյան ժողովրդավարություններին։