16 նոյեմբերի 2024 - 12:58 AMT
ՌԴ ԱԳՆ․ ՀՀ–ն հեռու է մնում ՀԱՊԿ բոլոր ձևաչափերից

ՌԴ ԱԳ փոխնախարար Ալեքսանդր Պանկինը, պատասխանելով նոյեմբերի 28-ին կայանալիք ՀԱՊԿ գագաթնաժողովին Հայաստանի հնարավոր մասնակցության մասին հարցին, ասել է, որ հայկական կողմի հայտարարությունները վկայում են, որ Երևանն իրեն հեռու է պահում ՀԱՊԿ բոլոր ձևաչափերից։

Այն հարցին, թե արդյոք Հայաստանը կմասնակցի ՀԱՊԿ առաջիկա միջոցառումներին, այդ թվում՝ առաջնորդների հանդիպմանը, Պանկինը պատասխանել է, որ այն պետք է ուղղել հայկական կողմին, հայտնում է ՏԱՍՍ–ը։

«Այդ հարցով դիմեք հայկական կողմին։ Թեև, դատելով հայկական կողմի հայտարարություններից, Երևանն այս փուլում դիստանցավորվում է ՀԱՊԿ աշխատանքից բացարձակապես բոլոր ձևաչափերում»,–ասել է նա։

Նոյեմբերի 14–ին ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանը, մեկնաբանելով ՌԴ-ում ՀՀ դեսպան Գուրգեն Արսենյանի մասնակցությունը նոյեմբերի 14–ին Մոսկվայում կայացած հանդիպմանը, ասել էր, որ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության՝ ՀԱՊԿ, հարցում ՀՀ դիրքորոշումը չի փոխվել։ Արսենյանը մասնակցել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի և ՀԱՊԿ անդամ երկրների դեսպանների հանդիպմանը։

Սեպտեմբերին Համաշխարհային հայկական համաժողովի ժամանակ Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանը ՀԱՊԿ–ի հետ հարաբերություններում մոտ է անդառնալի կետին։ Նրա խոսքով` կազմակերպությունը սպառնալիքներ է ստեղծել երկրի ինքնիշխանության համար։ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Վարշավայում անվտանգության միջազգային ֆորումում ասել էր, որ Երևանը հաշվարկում է բոլոր ռիսկերը՝ կապված ՀԱՊԿ-ից դուրս գալու որոշման հետ։