18 նոյեմբերի 2024 - 10:35 AMT
ԲԴԽ նախագահը հրաժարական է տվել, Սասուն Խաչատրյանը՝ նույնպես. Մի շարք այլ անուններ ևս շրջանառվում են

Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Կարեն Անդրեասյանը հրաժարական է տվել։ Նա այդ մասին հայտնել է ֆեյսբուքյան իր էջում`նշելով, որ ուզում է առաջ ընկնել պաշտոնանկությունների շրջանառվող շարքից։

Նա նշել է, որ գնում է «առանց սկանդալի, մաղձի ու հիասթափության և այս թունավոր պաշտոնում` ամենաերկարը դիմացած»:

«Ուզում եմ առաջ ընկնել պաշտոնանկությունների շրջանառվող շարքից: Այլևս հրաժարվում եմ Բարձրագույն դատական խորհրդի թե´ նախագահությունից և թե´ անդամությունից: Առերևույթ ամեն ինչ պարզ է, իսկ խորքային պատճառները չեմ ուզում ասել: Ինչ էլ ասեմ, հազար ու մի ձև են մեկնաբանելու և շատ կեղծ վարկածներ են առաջ քաշելու»,–գրել է նա։

Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանի պաշտոնանկությունը ևս հաստատվել է։

«Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանը աշխատանքից ազատման դիմում է գրել։ Տեղեկությունը հայտնել են Հակակոռուպցիոն կոմիտեից»,–գրում է Aysor.am-ը։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հաստատել է մի շարք այլ բարձրաստիճան պաշտոնյաների պաշտոնանկության լուրը՝ անուններ չնշելով։ Նա այդ մասին գրել է ֆեյսբուքյան իր էջում։

«Սիրելի հայրենակիցներ, հաշվի առնելով մամուլում և սոցիալական ցանցերում ի հայտ եկած զանգվածային քննարկումները, հարկ եմ համարում տեղեկացնել, որ մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների խնդրել եմ թողնել իրենց զբաղեցրած պաշտոնները։

Նման խնդրանքով դիմելու պատճառները անձնավորված չեն, այլ համակարգային, որոնց մասին հրապարակային խոսել եմ։

Միևնույն ժամանակ չեմ կարող ուրանալ մեր նշված գործընկերների վաստակը մեր պետականության զարգացման գործում և շնորհակալ եմ բոլորին իրենց ներդրման եւ իմ խնդրանքի ըմբռնման համար«–ասվում է գրառման մեջ։

Ըստ մամուլում շրջանառվող լուրերի՝ պաշտոններից կհեռանան ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանը, Քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանը, տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը, ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը։

Ըստ լուրերի նաև, պատգամավորական մանդատները վայր կդնեն «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամներ Հովիկ Աղազարյանն ու Նարեկ Զեյնալյանը։

Կառավարության վերջին նիստում վարչապետը մեծ դժգոհություն էր հայտնել իրավապահ համակարգից՝ հայտարարելով, որ «իր համբերության բաժակը լցվել է»։