Լյուքսեմբուրգի Պատգամավորների պալատը բանաձև է ընդունել, որտեղ հաշվի առնելով մի շարք հանգամանքներ, դատապարտում է Ադրբեջանի իշխանությունների կողմից կիրառվող պատժամիջոցները, որոնք ուղղված են պատգամավորների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների խոսքի ազատության դեմ։
Զեկույցով Պատգմավորների պալատն Ադրբեջանից նաև պահանջում է անհապաղ և առանց նախապայմանների ազատ արձակել անօրինական կերպով բանտարկված բոլոր անձանց, հայտնում է Արմենպրեսը։
Նաև հիշեցում կա նախկինում ընդունված բանաձևերը Ադրբեջանի, Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ։
Պատգամավորների պալատը հաշվի առնելով՝
-Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) կողմից 2024թ․ հունվարի 24-ին ընդունված 2527 բանաձևը՝ ՝ ընդգծելով այդ լիազորությունների օրինականության և համապատասխանության վերաբերյալ բարձրացված մտահոգությունները,
-Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության կողմից 2024թ․ օգոստոսի 26-ին ընդունված որոշումը՝ ԵԽԽՎ 76 պատգամավորներին, ներառյալ լյուքսեմբուրգցի պատգամավորներ Օկտավի Մոդերին և Իվ Կրուխտենին, հայտարարել որպես անցանկալի անձ «persona non grata»,
-Լյուքսեմբուրգի և Եվրոպայի Խորհրդի 13 անդամ պետությունների համատեղ խիստ դատապարտումը՝ ուղղված ժողովրդավարական ճանապարհով ընտրված պատգամավորների նկատմամբ կիրառվող այդ միջոցառմանը և դրա չեղարկման վերաբերյալ հստակ կոչին,
-ԵԱՀԿ դիտորդական առաքելության եզրակացությունները, որոնք նշում են, որ 2024թ․ փետրվարի 7-ին Ադրբեջանում կայացած նախագահական արտահերթ ընտրությունները տեղի են ունեցել սահմանափակ և քննադատական ձայների ճնշման միջավայրում՝ առանց էական քաղաքական այլընտրանքների,
-Եվրոպական խորհրդարանի 2024թ․ հոկտեմբերի 24-ի բանաձևը, որը մատնանշում է Ադրբեջանի իշխանությունների կողմից քաղաքացիական հասարակության, ակտիվիստների, քաղաքական ընդդիմադիրների և անկախ լրատվամիջոցների դեմ ճնշումների ուժեղացումը՝ ստեղծելով վախի մթնոլորտ,
-Amnesty International-ի և Human Rights Watch-ի զեկույցները, ըստ որոնց, մոտ 300 մարդ ներկայումս անօրինական կերպով բանտարկված է Ադրբեջանում՝ քաղաքական պատճառներով,
Հիշեցնում է․
-նախկինում ընդունված բանաձևերը Ադրբեջանի, Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ,
-բաց երկխոսության կարևորությունը քաղաքացիական հասարակության և հասարակական կազմակերպությունների հետ՝ նրանց գործունեության ազատությունն ապահովելու նպատակով,
-դատապարտում է Ադրբեջանի իշխանությունների կողմից կիրառվող պատժամիջոցները, որոնք ուղղված են պատգամավորների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների խոսքի ազատության դեմ, քաղաքացիական հասարակության, լրագրողների և այլ քննադատների դեմ ուղղված կամայական բանտարկությունները,
պահանջում է․
-անհապաղ և առանց նախապայմանների ազատ արձակել անօրինական կերպով բանտարկված բոլոր անձանց,
-վերացնել բոլոր սահմանափակումները, որոնք խոչընդոտում են ժողովրդավարական ճանապարհով ընտրված ներկայացուցիչների ազատ տեղաշարժը, հանձնարարում է
-Պատգամավորների պալատի նախագահին այս տեքստը պաշտոնապես փոխանցել Ադրբեջանի Միլի Մեջլիսի նախագահին՝ որպես խորհրդարանական երկխոսության և դիվանագիտության հանձնառության նշան,
-Լյուքսեմբուրգի պատվիրակությանը ԵԽԽՎ-ում ներկայացնել արտակարգ քննարկման առաջարկ՝ 2024 թվականի նոյեմբերի 28-29-ին կայանալիք նիստում,
-Լյուքսեմբուրգի պատգամավորներին օգտագործել խորհրդարանական դիվանագիտության բոլոր հնարավորությունները՝ աջակցելու անկախ քաղաքացիական հասարակությանը և խաղաղ հավաքների իրավունքին,
վերստին հաստատում է իր հանձնառությունը պաշտպանելու ժողովրդավարությունը, օրենքի գերակայությունն ու մարդու իրավունքները՝ դրանք դնելով Ադրբեջանի հետ երկկողմ և բազմակողմ հարաբերությունների կենտրոնում: