19 մայիսի 2009 - 20:50 AMT
Վիմ Վենդերսի նոր ֆիլմը պատմում է նշանավոր խորեոգրաֆ Պին Բաուշի մասին
Երկու հանրահայտ վարպետներ մեկ ֆիլմում կդրսեւորեն իրենց տաղանդը: Հայտնի գերմանացի պարուհի եւ նշանավոր խորեոգրաֆ Պին Բաուշը կդառնա Վիմ Վենդերսի նոր ֆիլմի հերոսուհին:

Ինչպես հաղորդում է Reuters-ը, «Պինա» լիամետրաժ ֆիլմի նկարահանումները կսկսվեն 2009-ի սեպտեմբերին, եւ Վենդերսի պահանջով ֆիլմը նկարահանվելու է 3-D ձեւաչափով: Ջանպյերո Ռինգելը` Վենդերսի Neue Road կինոընկերության պրոդյուսերը, նախագիծը դիտարկում է որպես «3-D ձեւաչափով առաջին բարձր գեղարվեստական ֆիլմ»:

Պինա Բաուշը` խորեոգրաֆ Քուրտ Յոսսի սանուհին, իր պարային կարիերան սկսել է Գերմանիայում եւ Ամերիկայում, իսկ 1972-ից ղեկավարել է Վուպպերտալի Պարի թատրոնը: Ժամանակակից պարի ոլորտում փորձարկությունները նրան բազմաթիվ եվրոպական պարգեւներ բերեցին:

Վիմ Վենդերսը 1984-ին Ոսկե արմավենու ճյուղ է ստացել Կաննում «Փարիզ-Տեխաս» ֆիլմի համար, իսկ նրա ամենահայտնի աշխատանքը «Բեռլինի վերեւի երկինքը» ֆիլմն է, որը Կաննում մրցանակ է ստացել լավագույն ռեժիսուրայի համար: