Հայկական կողմը համաձայնություն տվել է Մալթայում ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Արարատ Միրզոյանի և Ջեհյուն Բայրամովի հանդիպմանն ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի միջնորդությամբ։ Այդ մասին ասել են ՀՀ ԱԳ նախարարությունից, հայտնում է «Հայկական ժամանակը»։
Հանդիպումը պետք է տեղի ունենար Մալթայում ավարտված ԵԱՀԿ նախարարական խորհրդի 31-րդ նիստի շրջանակում։ Մինչդեռ Ադրբեջանը մերժել է հանդիպում կազմակերպելու ԱՄՆ միջնորդությունը։
Ադրբեջանական լրատվամիջոցները հայտնել են, որ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հանդես է եկել ԵԱՀԿ արտգործնախարարների խորհրդի շրջանակներում Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների հանդիպում անցկացնելու նախաձեռնությամբ, նաև՝ պնդել հանդիպման միջնորդությունը։
«Ադրբեջանը չի ցանկանում ԱՄՆ-ի մասնակցությունը խաղաղության օրակարգին, դա նպատակահարմար չի համարում»,- հայտնել է APA-ն՝ հղում անելով իր դիվանագիտական աղբյուրներին։
Ավելի վաղ ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակը Անի Բադալյանն ասել էր, որ Ադրբեջանի ԱԳ նախարարի հետ պլանավորված հանդիպում չկա։