6 դեկտեմբերի 2024 - 18:54 AMT
Նախարար․ Պատմության դասագրքերը գաղափարական փոփոխության չեն ենթարկվի

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը Ծաղկաձորում լրագրողների հետ հանդիպման ժամանակ, անդրադառնալով պատմության դասագրքի շուրջ քննարկումներին, ասել է, որ պատմության դասագրքերը գաղափարական փոփոխության չեն ենթարկվելու՝ պատմությունն ու բովանդակությունը մնում են նույնը, վերանայվում է մոտեցումը, հայտնում է Արմենպրեսը։

Նախարարը հիշեցրել է, որ որոշում է կայացվել, որ առարկան կկրի «Հայաստանի պատմություն» անվանումը։ Նա ընդգծել է, որ իրենց պատկերացրած որակի ու ստանդարտի դասագրքեր ունենալու համար անհրաժեշտ է ժամանակ:

«Բայց ինչ վերաբերվում է գաղափարական խնդիրներին, ապա պետք է վստահ լինենք, որ դրանք փոփոխությունների չեն ենթարկվելու։ Այստեղ մեր դիրքորոշումը շատ հստակ է, մենք նշել ենք՝ պետությունն ու պետականությունն այն առանցքն են, որոնց շուրջ պետք է հավաքվի մեր պատմությունը: Սա նշանակում է, որ մեր ամբողջ պատմությունն ու բովանդակությունը մնում են նույնը, վերանայվում է մեր մոտեցումը՝ կախված նրանից, թե, օրինակ, պատմանական որևէ իրադարձություն ինչպե՞ս է ազդել պետության զարգացման կամ չզարգացման վրա: Այսինքն, մենք պետք է վերանայենք մեր մոտեցումն այդ իրադարձություններին։ Սա մեր քաղաքականությունն է, որի ուղղությամբ առաջ ենք գնալու»,-ասել է Անդրեասյանը:

Նախարարը նաև շեշտել է, որ Հայաստանում դասագրքերի ստեղծման նորմալ պրակտիկա տարիներ շարունակ չի եղել: Մինչ այս փոփոխությունները՝ վերջին 15 տարիներին, այս ոլորտով խորքային չեն զբաղվել, ինչը, ըստ նախարարի, նշանակում է, որ այս փոփոխությունների արդյունքում անհնար է ստանալ իդեալական որակ միանգամից բոլոր ուղղություններում:

Նախարարության հանրակրթության վարչության պետ Թամարա Սարգսյանն էլ, անդրադառնալով «Հայոց պատմություն» առարկայի 7-րդ դասարանի դասագրքին, նշել է, որ, հաշվի առնելով մասնագիտական հանրույթի առաջարկները, հեղինակն այդ առաջարկերը վերցրել է և դասագրքի էլեկտրոնային տարբերակում իրականացրել է համապատասխան խմբագրումներ, փոփոխություններ և վրիպակների շտկումներ:

«Դասագրքի էլեկտրոնային տարբերակը հասանել է և փոխանցվել է դպրոցներին: Դասագրքի վերահրատարակության ժամանակ բոլոր փոփոխությունները, որոնք էլեկտրոնային տարբերակում արվել են, կարտացոլվեն նաև տպագրված տարբերակում»,- ասել է նա:

Սարգսյանի խոսքով՝ դասագիրքը տպագրվել է 2023 թվականին և կօգտագործվի դեռևս երկու ուսումնական տարի: