20 մայիսի 2009 - 17:19 AMT
ԵՄ-ն Հարավային Կովկասի երկրներին չի պարտադրում եվրակառույցներին անդամակցելու ձգտումը
«ԵՄ «Արեւելյան գործընկերություն» նախաձեռնությունը նախատեսում է հետեւյալը. նախ` համագործակցություն տնտեսական ոլորտում, «Արեւելյան գործընկերության» երկրների համար միմյանց միջեւ ազատ առեւտրի գոտու ներմուծման հնարավորության ստեղծման ձգտում, երկրորդը` անցագրային ռեժիմի պարզեցում, երրորդը` երկրների նախապատրաստում ԵՄ-ում ասոցացված անդամության մասին պայմանագրերի ստորագրմանը»,- Երեւանում կայացած մամլո ասուլիսին հայտնել է Հայաստանում Լեհաստանի դեսպան Թոմաշ Կնոտխեն: Նա հիշեցրել է, որ ԵՄ Եվրոպական հարեւանության քաղաքականությունը նախատեսում է ԵՄ անդամ երկրների ու «Արեւելյան գործընկերության» մասնակիցների միջեւ երկկողմ հարաբերությունների խորացում եւ ընդլայնում:

«ԵՄ-ն ունի առաջարկներ, որոնք երկրները կարող են օգտագործել այս կամ այն ծավալով, դա կախված է ինքնին երկրների եւ նրանց քաղաքացիների ցանկությունից: Այդ առաջարկները պարտադրական բնույթ չեն կրում»,- հայտնել է Կնոտխեն` նշելով, որ Եվրոպական հարեւանության ծրագիրը նախաձեռնվել է` ելնելով եվրոպական սահմանների անվտանգությունն ապահովելու ԵՄ ցանկությունից:

Դրա հետ մեկտեղ լեհ դիվանագետը չի բացառել Հարավային Կովկասի երկրների անդամությունը ԵՄ-ին` ավելացնելով. «Որպեսզի ԵՄ մի մասը դառնալ, հարկավոր է երկրի տնտեսությունն ու օրենքները համապատասխանեցնել Եվրամիության չափանիշներին»: Սակայն, ավելացրել է նա, ներկա պահին հարավկովկասյան երկրները ԵՄ մտնելու հստակ խնդիր չունեն: «Մենք ընձեռում ենք նման հնարավորություն, բայց թե ինչպես դուք կտնօրինեք այն` արդեն ձեր խնդիրն է: Եւ մենք չենք պարտադրում ձեզ եվրակառույցներին անդամակցելու ձգտումը, քանի որ այդ երկրների հասարակությունը պետք է որոշի` արդյոք այդ երկիրը պետք է մտնի ԵՄ, թե ոչ: Մենք բոլորին երկրներին հավասար իրավունքների սկզբունքով ենք վերաբերվում, որովհետեւ նրանք բոլորը մեզ համար գործընկերներ են: Մուտքը Եվրամիություն շատ բարդ գործընթաց է, դա տարիների աշխատանք է, բոլոր անհրաժեշտ պայմանների կատարում: ԵՄ-ն ընդհանուր տնտեսական քաղաքականություն է վարում, որպեսզի դառնա այդ քաղաքականության մասնակիցը, հարկավոր է փոխել սեփական տնտեսությունն ու օրենքները»,- հայտնել է նա` օրինակ բերելով Եվրամիություն Լեհաստանի մտնելու երկար գործընթացը: