20 մայիսի 2009 - 19:05 AMT
Ռուսաստանը եւ Հայաստանը 15 տարի ժամկետով 500 միլիոն դոլար արժողությամբ վարկի համաձայնագիր են ստորագրել
Ռուսաստանի ֆինանսների նախարար Ալեքսեյ Կուդրինը եւ Հայաստանի ֆինանսների նախարար Տիգրան Դավթյանը համաձայնագիր են ստորագրել Հայաստանին 15 տարով 500 մլն արժողությամբ վարկ տրամադրելու մասին LIBOR դրույքաչափով պլյուս 3 տոկոս` ճգնաժամի պայմաններում երկրի տնտեսությանը աջակցելու համար, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:

Կուդրինի խոսքերով սա նպաստավոր դրույքաչափով վարկ է. ներկա պայմաններում այն կազմում է տարեկան շուրջ 4 տոկոս: «Մենք 5 տարով հիմնական պարտքի վճարման նպաստավոր շրջան ենք տրամադրում, որի ընթացքում մեզ վճարելու են միայն վարկի տոկոսները»,- ասել է նա:

Հայաստանի ֆինանսների նախարարի խոսքերով Ռուսաստանի տրամադրած վարկը ճգնաժամի պայմաններում Հայաստանի տնտեսության համար լուրջ աջակցություն կհանդիսանա:

Նա նշեց, որ Հայաստանը միշտ պատասխանատվությամբ է վերաբերվում վարկերի վճարումներին, եւ համոզվածություն հայտնեց, որ այդ վարկի հետ կապված կկատարվեն բոլոր պարտականությունները:

Ստացված միջոցներն ուղղվելու են ենթակառուցվածքի զարգացմանը, փոքր եւ միջին բիզնեսի եւ ընդհանուր տնտեսության աջակցությանը: