19 դեկտեմբերի 2024 - 10:39 AMT
Հալեպում ՀՀ գլխավոր հյուպատոսությունը վերսկսում է աշխատանքը

Հալեպում ՀՀ գլխավոր հյուպատոսությունը դեկտեմբերի 19-ից կվերսկսի աշխատանքը։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանը։

«Տեղեկացնում ենք, որ Հալեպում ՀՀ գլխավոր հյուպատոսությունը վաղվանից կվերսկսի իր աշխատանքները»,–ասվում է գրառման մեջ։

Դեկտեմբերի 16-ից վերսկսել է աշխատանքը Դամասկոսում ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունը։

Ավելի վաղ Սիրիայում տեղի ունեցած իրադարձությունների պատճառով ՀՀ դեսպանության դիվանագիտական անձնակազմը և Հալեպում ՀՀ գլխավոր հյուպատոսը տեղափոխվել էին Բեյրութ և դեկտեմբերի 8–ից աշխատում էին այնտեղից։

Նոյեմբերի 27-ին Սիրիայի զինված թուրքամետ ընդդիմադիր խմբերը լայնածավալ հարձակում սկսեցին Հալեպ և Իդլիբ նահանգներում սիրիական բանակի դիրքերի ուղղությամբ, գրավեցին Հալեպը, Համան ու Հոմսը։ Դեկտեմբերի 8-ին նրանք գրավեցին երկրի մայրաքաղաք Դամասկոսը։ Սիրիայի նախագահ Բաշար Ասադը հեռացել է երկրից, նա ընտանիքի հետ ապաստան է ստացել ՌԴ–ում։ Ռուսաստանի ԱԳՆ-ն հայտարարել է, որ Ասադը վայր է դրել իր լիազորությունները և լքել երկիրը՝ հանձնարարելով իշխանությունը խաղաղ ճանապարհով փոխանցելու գործընթաց իրականացնել: Սիրիայի վարչապետ Մուհամեդ Ալ-Ջալալին հայտարարել, որ պատրաստ է համագործակցել ժողովրդի կողմից ընտրված ցանկացած ղեկավարության հետ: