20 մայիսի 2009 - 20:27 AMT
Հայաստանի անվտանգության խորհուրդը հավանություն է տվել միջուկային նոր էներգաբլոկի շինարարությանը
Մայիսի 19-ին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հրավիրել է Ազգային անվտանգության խորհրդի նիստ:

Ինչպես հաղորդում է ՀՀ նախագահի մամլո ծառայությունը, Խորհուրդը լսել է Հայաստանում միջուկային նոր էներգաբլոկի կառուցման ծրագրի ներկա փուլի վերաբերյալ ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանի զեկույցը, քննարկել է այդ ուղղությամբ մինչ օրս իրականացված քայլերն ու հավանություն տվել դրանց:

Ամրագելով Հայաստանի տնտեսության միջնաժամկետ ու երկարաժամկետ զարգացման, ինչպես նաեւ մեր երկրի էներգետիկ անվտանգության ապահովման համատեքստում միջուկային նոր էներգաբլոկի կառուցման կարեւորությունը` Անվտանգության խորհուրդը քննության է առել տեխնիկատնտեսական մշակումներից մինչեւ նոր էներգաբլոկի շահագործում ընկած գործընթացի իրականացման բոլոր փուլերը:

Մայիսի 12-ին Worley Parsons միջազգային կոնսորցիումը շահեց Հայաստանում նոր ատոմային էներգաբլոկի շինարարության ծրագրի իրականացման առնչությամբ փետրվարի 23-ին հայտարարված հայտամրցույթը:

Ինչպես հաղորդեց օրինագիծը ներկայացնող Մովսիսյանը, Հայաստանում նոր միջուկային էներգաբլոկի շինարարության համար, նախնական տվյալներով, կպահանջվի 4-5 միլիարդ ԱՄՆ դոլար, ճշգրիտ թիվը հայտնի կդառնա բոլոր անհրաժեշտ հետազոտությունների իրականացումից հետո:

Նա նշել է, որ անցկացված նախնական հետազոտությունները ցույց են տվել, որ առավել օպտիմալ տարբերակը նոր էներգաբլոկի կառուցումն է Հայաստանի գործող ԱԷԿ-ի հիման վրա, առավել եւս, որ նրա հզորությունը կազմում է 400 մեգավատտ, մինչդեռ կայանի հրապարակը նախատեսում է բլոկի շահագործումը 1,2 հազար մեգավատտ հզորությամբ:

Մովսիսյանի խոսքով, բլոկի շինարարությունը երկրի համար առանձնահատուկ նշանակություն կունենա` հաշվի առնելով, որ Հայաստանը տարածաշրջանում միակ երկիրն է, որտ կարող է էլեկտրաէներգիա արտադրել ոչ միայն սեփական կարիքները հոգալու, այլեւ արտահանման համար:

Հայաստանը ծրագրում է ԱԷԿ մոտավորապես 1000 մեգավատտ հզորությամբ նոր բլոկ կառուցել:

Նախագծի իրականացմանը արտասահմանյան կապիտալ ներգրավելու համար Հայաստանի խորհրդարանը 2006-ին օրենսդրաբար չեղյալ հայտարարեց պետական մենաշնորհը նոր միջուկային բլոկերին տիրելու իրավունքի հարցում: Այս նախագծին մասնակցելու շահագրգռվածություն են ցուցաբերել արդեն Ռուսաստանը, ԱՄՆ-ն եւ Ֆրանսիան:

2003-ին սեպտեմբերից ԱԷԿ մինչեւ 2013թ. հանձնվել է «Ինտեր ՌԱՕ ԵԷՍ» ՓԲԸ վստահված կառավարմանը: