21 դեկտեմբերի 2024 - 11:04 AMT
Դավիթ Վարդանյանը՝ հոր մասին․ Նա լիակատար մեկուսացման մեջ է Բաքվի բանտում՝ փաստաբանները ոչ մի անգամ չեն կարողացել տեսնել նրան

Արցախի նախկին պետնախարար, գործարար և բարերար Ռուբեն Վարդանյանի որդին՝ Դավիթ Վարդանյանը հայտարարել է, որ հայրը, որը մեկ տարուց ավելի է, ինչ Բաքվի բանտում է, մեկուսացված է ընտանիքի կողմից վարձած փաստաբաններից։

«Առանցքային խնդիրն ու իրավիճակի անհեթեթությունն այն է, որ հորս շահերը ներկայացնող միակ անձինք, որոնք կարող են նրան տեսակցել, ադրբեջանցի իրավաբաններն են։ Մեր միջազգային փաստաբանները ոչ մի անգամ չեն կարողացել ոչ թե տեսակցել նրան, այլև նույնիսկ կապ հաստատել նրա հետ։ Այսինքն դա տեղեկատվության լիակատար վակուում է և ամբողջական մեկուսացում»,–ասել է Վարդանյանը, հայտնում է RTVI-ը։

Ըստ նրա, Ռուբեն Վարդանյանին այցելելու իրավաբանների բոլոր հարցումները «կամ ուղղակի անտեսվել են, կամ մերժվել»։ Նրան նաև չեն կարողանում այցելել անկախ բժիշկները։

«Միակ բանը, դա զննությունն էր, որն արել է պետական հիվանդանոցը նրա հացադուլից հետո։ Որքան հասկանում ենք, կան ինչ–որ այցել Կարմիր խաչի կողմից, բայց դա բավարար չէ, քանի որ դրանք մակերեսային են»,–ասել է Դավիթ Վարդանյանը։

Նա հավելել է, որ նամակները ևս կարելի է փոխանցել միայն Կարմիր խաչի միջոցով, որը շատ կոշտ սահմանափակում ունի՝ 4 էջից ոչ ավելի։

«Կարմիր խաչն անում է, ինչ կարող է, բայց նրանց ձեռքերն էլ են կապված։ Սովորական նամակներ մենք չենք կարող ուղարկել։ Հայրս ասել է, որ բազում նամակներ է ուղարկել, սակայն, դրանցից ոչ մեկը չի հասել հասցեատերին՝ այսինք հաղորդակցության այդ ուղին ևս չի գործում»,–ասել է նա։

Դավիթ Վարդանյանը հաստատել է, որ հորը 45 մեղադրանք է ներկայացվել 20 հոդվածով, իսկ քրգործում 25,000 էջ կա ադրբեջաներեն լեզվով, որը նրան բանավոր թարգմանում է թարգմանիչը՝ նշանակված քննության ու դատախազության կողմից։

«Դա բավականին հին ռազմավարություն է՝ եթե նորմալ գործ չունես, ուղղակի մի խուրձ մակուլատուրա ես գրում և փորձում ես դրանով խեղդել քո մեղադրյալին»,–ասել է Դավիթ Վարդանյանը։

Նա նաև շնորհակալություն է հայտնել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին, որը հույս էր հայտնել, որ Ադրբեջանը «հումանիտար բնույթի նկատառումներով կառաջնորդվի Լեռնային Ղարաբաղի նախկին իշխանությունների հարցում»՝ հույս հայտնելով, որ Բաքվում ականջալուր կլինեն այդ խոսքերին։

Ադրբեջանի դատախազներն Արցախի նախկին պետնախարար, գործարար և բարերար Ռուբեն Վարդանյանի նկատմամբ մոտ 45 հնարավոր մեղադրանքների նոր ու հսկայածավալ փաթեթ են առաջադրել։ Այդ մեղադրանքներով Վարդանյանին սպառնում է ցմահ ազատազրկման հեռանկարը, հայտնում է նրա պաշտպանական թիմը:

Ռուբեն Վարդանյանի դեմ ներկայացված նոր մեղադրանքներն առնչվում են Ադրբեջանի Քրեական օրենսգրքի 20 տարբեր հոդվածների հատկանիշներին։ Շինծու ապացույցները ներկայացված են 100 հատորով, ընդհանուր ծավալը կազմում է մոտ 25,000 էջ, ամբողջը՝ ադրբեջաներեն: