23 դեկտեմբերի 2024 - 14:39 AMT
Բաքուն ևս 191 ադրբեջանցու է տեղափոխել օկուպացրած Շուշի

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանձնարարությամբ Բաքուն ևս 191 ադրբեջանցու է տեղափոխել օկուպացրած Շուշի։ Ընդհանուր առմամբ, 2024–ի դեկտեմբերի 23–ի դրությամբ Բաքուն 51 ընտանիք է տեղափոխել Շուշի՝ 208 մարդ, հայտնում է APA-ն։

Նշվում է, որ Ղարաբաղ և հարակից տարածքներ, «նախկին բնակիչներից բացի», տեղափոխվել և այնտեղ է ապրում մոտ 30,000 մարդ՝ տարբեր նախագծերի, պետական հաստատությունների և այլ ձեռնարկությունների աշխատակիցներ։

Ադրբեջանը 2023–ի սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ լայնամասշտաբ հարձակում է իրականացրել՝ ամբողջությամբ զանգվածային հրետակոծության տակ առնելով երկիրը։ Արդյունքում մեկ օր անց՝ սեպտեմբերի 20-ին ԱՀ իշխանություններն ընդունել են ռուսական խաղաղապահ առաքելության հրամանատարության առաջարկը կրակի դադարեցման վերաբերյալ՝ համաձայնվելով Բաքվի պայմաններին՝ ՊԲ զինաթափում ե Արցախի Հանրապետության լուծարում։ Սեպտեմբերի 24-ից արցախցիների բռնի տեղահանում է սկսվել, 100,000–ից ավելի մարդ է բռնի տեղահանվել Հայաստան: Ըստ որոշ տվյալների, Արցախում մոտ 20 հայ է մնացել։ Սեպտեմբերի 28–ին ԱՀ նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր է ստորագրել ԱՀ լուծարման մասին, որը ուժի մեջ է մտել 2024–ի հունվարի 1–ից։