20 մայիսի 2009 - 20:57 AMT
ԵԱՀԿ ՄԽ հայտարարում է, որ հայ-թուրքական հարաբերություններն ու Ղարաբաղի հիմնախնդիրը կապված չեն միմյանց հետ
«Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումն ու Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի լուծումը երկու տարբեր գործընթացներ են, որոնք զուգահեռ են ընթանում, բայց կապված չեն միմյանց հետ»,- ասվում է Անկարայում Ֆրանսիայի դեսպանության հաղորդագրության մեջ, որը տարածվել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գծով ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆրանսիացի համանախագահ Բեռնար Ֆասյեի այցի ավարտից հետո:

Անցյալ շաբաթ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Բաքու կատարած իր այցի ժամանակ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւին խոստացավ, որ Թուրքիան չի բացի Հայաստանի հետ սահմանը, քանի դեռ ԼՂ հարցը լուծված չէ:
Երեւանն ու Անկարան երկար ամիսներ բանակցություններ էին վարում` ուղղված դիվանագիտական հարաբերությունների ստեղծմանը եւ տարվա ապրիլի 23-ին Հայաստանի եւ Թուրքիայի ԱԳՆ-երը Շվեյցարիայի ԱԳՆ միջնորդությամբ ստորագրեցին համատեղ հայտարարություն հարաբերությունների կարգավորման մասին:

Բայց այն բանից հետո, երբ Թուրքիայի դաշնակից Ադրբեջանը քննադատության ենթարկեց Անկարայի գործողությունները, թուրքական կողմի ներկայացուցիչները հայտարարեցին, որ բանակցություններում առաջընթաց չի լինի, քանի դեռ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը լուծված չէ: