Վարչապետ Նիկոլ Փաշինյանը բանավեճի էր հրավիրել նախկին նախագահներին ԼՂ բանակցային գործընթացի վերաբերյալ, որը Լևեն Տեր–Պետրոսյանը, Ռոբերտ Քոչարյանը և Սերժ Սարգսյանը մերժել են իրենց ներկայացուցիչների միջոցով;
Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր, որ 1994 թվականի հրադադարից հետո բանակցային գործընթացը եղել է Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի կազմ վերադարձնելու մասին։
Փաշինյանը ֆեյսբուքյան եթերում կրկին անդրադարձել է հարցին և կրկնել իր հրավերը։
«Նախկին նախագահներին կոչ եմ անում ևս մեկ անգամ մտածել և օգտվել առերես բանավիճելու այս հնարավորությունից»,–ասել է նա։
Փաշինյանը նշել է, որ բանավեճը կարևորագույն նշանակություն պետք է ունենար այն հարցում, որ «ժողովուրդը վերջնական ու աներկբա եզրակացություն աներ, թե ի վերջո ինչ է տեղի ունեցել երրորդ հանրապետության պատմության ամբողջ ընթացքում՝ ով է մեղավոր, ինչում և ով՝ ինչում է մեղավոր»:
ՀՀ առաջին նախագահի խոսնակ Արման Մուսինյանը ֆեյսբուքյան իր էջում հայտարարել է, որ Փաշինյանը ոչ միայն ԼՂ հարցի, այլև հասարակությանը հուզող ցանկացած այլ թեմայով նախևառաջ պետք է բանավիճի ինքն իր հետ:
https://www.facebook.com/arman.musinyan/posts/10161329618521799?ref=embed_post
«Չափազանց օգտակար կլինի, որ Նիկոլ Փաշինյանը նախևառաջ բանավիճի Նիկոլ Փաշինյանի հետ: Արդյունքում, վստահ եմ՝ բանավեճի երկու կողմն էլ արդարացիորեն կհիմնավորի դիմացինի ստախոս լինելը»,–նշել է նա։
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Բագրատ Միկոյանը հայտարարել է, որ բանավեճի համար վիճելի թեմայի առկայություն է անհրաժեշտ, իսկ այն, որ «Արցախի և Հայաստանի սուվերեն տարածքների հանձնումը գործող վարչապետի անձնական «վաստակն» է, անվիճելի պատմական փաստ է ու ակնհայտ՝ բոլոր ադեկվատ մարդկանց համար»։
«Տիկտոկյան կոմիկ պերսոնաժների հետ ոչ ոք լուրջ թեմաներ, իհարկե, չի քննարկի»,– նշել է Միկոյանը։
ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի գրասենյակից «Փաստինֆոյին» ասել են, որ ակնհայտի մասին բանավիճելն անիմաստ է։
https://www.pastinfo.am/hy/news/2024/12/23/pd04j3yah/1878578
«Եթե նա շատ է ուզում բանավիճել, ապա խորհուրդ ենք տալիս բանավիճել համանախագահ երկրների՝ ՌԴ, ԱՄՆ և Ֆրանսիայի նախագահների հետ․․․Չէր խանգարի, որ մեկ-մեկ էլ լսեր իր «կիրթ ու կառուցողական» գործընկերոջ ինչպես 2016 թվականի, այնպես էլ հետպատերազմյան խոստովանությունները»,–պատասխանել են գրասենյակից։
Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր, որ 1994 թվականից ի վեր, այսինքն՝ հրադադարից հետո, մեկնարկի պահից՝ բանակցային գործընթացը եղել է Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի կազմ վերադարձնելու մասին:
«Ուրիշ որևէ բովանդակություն բանակցային գործընթացը չի ունեցել: Ուրիշ բովանդակության մասին խոսույթները Հայաստանի Հանրապետությունում ներդրվել են բացառապես ներքաղաքական խնդիրներ լուծելու համար: Այս համատեքստում ես գործել եմ մի մեծ սխալ. 2018-ին բանակցային բովանդակությանը ծանոթանալով, վերը նշվածը չեմ խոստովանել ինքս ինձ (Ձեզ հայտնի մոդելի հայրենասիրությունս թույլ չի տվել դա անել) և հետևաբար այդ ամենը չեմ պարզաբանել ժողովրդին»,–գրել է նա։