24 դեկտեմբերի 2024 - 11:27 AMT
ԱԳՆ. ՀՀ–ն ճանաչում է Կոսովոյի անձնագրերը՝ առանց Կոսովոյի անկախությունը ճանաչելու

Հայաստանը և Կոսովոն համաձայնություն են ձեռք բերել փոխադարձաբար նախատեսել միմյանց կողմից տրամադրվող անձնագրերով մուտքի վիզայի համար դիմելու հնարավորություն: Մեկնաբանելով Կոսովոյի անձնագրերը ըստ էության ճանաչելու այս որոշումը՝ ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանն ասել է, որ նպատակը մարդկանց ազատ տեղաշարժի հիմնարար սկզբունքը ապահովելն է, ինչը չի նշանակում Կոսովոյի անկախության ճանաչում, հայտնում է «Լուրերը»։

Անի Բադալյանը պատասխանել է նաև այն հարցին, թե գործակցության ու հարաբերությունների ամրապնդման ի՞նչ փուլում են Հայաստանն ու Կոսովոն, հնարավո՞ր է արդյոք այդ երկրի անկախության ճանաչում:

«Ինչ վերաբերում է երկկողմ փոխգործակցության բնույթին, ապա, ինչպես տեղյակ եք, Հայաստանի և Կոսովոյի միջև առկա երկխոսությունը պահպանվում է տարբեր հարթակներում, մակարդակներով: Երկկողմ հանդիպումների, քննարկումների միջոցով քայլեր են ձեռնարկվում զբոսաշրջային կապերը և մարդկանց միջև շփումներն աշխուժացնելու ուղղությամբ, ինչը չի նշանակում ճանաչում: Նկատենք, որ այս առումով Հայաստանի Հանրապետությունն ամենևին բացառություն չէ. աշխարհի բազմաթիվ երկրներ, այդ թվում և՝ մի շարք ԵՄ անդամ պետություններ, ճանաչում են Կոսովոյի անձնագրերը և ոլորտային համագործակցություն ունեն Կոսովոյի հետ՝ առանց ճանաչման»,- ասել է Անի Բադալյանը:

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Հայաստանը պաշտոնապես ճանաչել է Կոսովոյի անձնագրերը: Այդ մասին X-ի էջում հայտնել է Կոսովոյի Հանրապետության արտաքին գործերի և սփյուռքի նախարարի տեղակալ Կրեշնիկ Ահմետին։