«Դպրոցական սննդի ազգային համակարգեր» ծրագրի ֆինանսավորման ընդհանուր ծավալը, ներառյալ 2024-2028 թվականների համար Ռուսաստանի կողմից հատկացված միջոցները, կգերազանցի 68 մլն դոլարը: Այդ մասին հայտնել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
Նա հիշեցրել է, որ «Դպրոցական սննդի ազգային համակարգեր» ծրագիրն իրականացվում է 2010 թվականից, հայտնում է Sputnik Արմենիան։
«Ռուսաստանյան հատկացումների շնորհիվ ավելի քան հազար դպրոցների տարրական դասարանների աշակերտները ստանում են որակյալ և հավասարակշռված սնունդ։ Դրանից բացի, գրեթե 100 դպրոցում տեղադրվել են արևային վահանակներ, ինչը թույլ է տվել խնայել մոտ 390 հազար դոլարի էլեկտրաէներգիայի ծախս։ Այդ միջոցներն ուղղվում են դպրոցական ենթակառուցվածքների զարգացմանը և աշակերտների սննդի բարելավմանը», - նշել է նա։
Զախարովան ընդգծել է, որ Պարենի համաշխարհային ծրագրի նախագծերին Ռուսաստանի մասնակցությունը չի սահմանափակվում դպրոցական սննդով: Մոսկվան ակտիվորեն համագործակցում է ՄԱԿ-ի այլ կազմակերպությունների հետ՝ նախաձեռնությունների շրջանակն ընդլայնելու համար։
Ռուսաստանն աջակցում է գյուղերի զարգացմանը, բնական զբոսաշրջությանը և երիտասարդների համար աշխատատեղերի ստեղծմանը: Հատուկ ուշադրություն է դարձվում կլիմայի փոփոխությունների նկատմամբ Հայաստանի դիմադրողականության բարձրացմանը և COVID-19 համավարակի հետևանքների հաղթահարմանը։ 2021 թվականից իրականացվում է հետկոնֆլիկտային վերականգնման շրջանակներում առավել տուժած շրջաններին աջակցելու նախագիծ։
Ավելի վաղ Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինը կարգադրություն էր ստորագրել ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի հիմնադրամում կամավոր նպատակային ներդրում կատարելու մասին: Այդ միջոցներն ուղղվելու են Հայաստանում դպրոցական սննդի կայուն համակարգի զարգացմանը։ Նախաձեռնության շրջանակներում, որակյալ սնունդ ապահովելու համար, Ռուսաստանը դաշնային բյուջեից ավելի քան 25 միլիոն դոլար կհատկացնի դպրոցականների համար: