26 դեկտեմբերի 2024 - 18:41 AMT
Տրանսպորտային նոր համակարգի լիարժեք ներդրումից հետո առանց տոմսի երթևեկողները կտուգանվեն

Տրանսպորտային նոր համակարգի լիարժեք ներդրումից հետո, երբ բոլոր վճարման միջոցները անխափան գործեն, հասարակական կարգի պահպանման ծառայության աշխատակիցները պարբերաբար կայցելեն ավտոբուսներ և առանց տոմս երթևեկող, կամ քաղաքացուն չպատկանող արտոնյալ տոմսով երթևեկողները կտուգանվեն։ Այդ մասին ասուլիսում հայտարարել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը` պատասխանելով լրագրողի այն հարցին, թե ինչպես են վարվելու չվճարող քաղաքացիների հետ։

«Մենք աշխատում ենք այն ուղղությամբ, որ բոլոր համակարգերը մաքսիմալ արդյունավետ սկսեն գործել, և այն խնդիրները, որոնք դեռևս համակարգում առկա են, վերացված լինի։ Ինչ–որ մի փուլում, երբ մենք վստահ լինենք, որ այդ համակարգերը գործում են, բոլոր արտոնյալ խմբերն ունեն հասանելիություն իրենց արտոնություններին, կգործվի վերահսկման մեխանիզմ»,––ասել է նա, հայտնում է Sputnik Արմենիան։

Նրա խոսքով` վճարումը լինի բանկային քարտով, թե QR-ով, հսկիչը ավտոբուս մտնելիս իր մոտ կունենա հատուկ սարք և քաղաքացիներին կառաջարկի ցույց տալ իրենց տոմսի առկայությունը։

Երևանում հանրային տրանսպորտից օգտվելու գների փոփոխությունը 2025 թվականի հունվարի 1-ից կտեղափոխվի մինչև փետրվարի 1-ը։ Սակայն մետաղադրամ ընդունող սարքերը հունվարի 1-ից կապարակնքված կլինեն, այսինքն՝ 100 դրամանոցներով այլևս հնարավոր չի լինի վճարել, անցում կկատարվի ամբողջական էլեկտրոնային վճարման: