Ադրբեջանում ապօրինի պահվող՝ Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի նկատմամբ հարուցված շինծու քրեական գործն ուղարկվել է Բաքվի զինվորական դատարան։ Առաջին նսիտի վայրն ու օրը չեն հրապարակվել, հայտնում է Report.az-ը։
Ադրբեջանի գլխավոր դատախազությունն ու պետական անվտանգության ծառայությունը համատեղ հայտարարություն էին տարածել Վարդանյանի գործի վերաբերյալ։ Նրան ծանր մեղադրանքներ են առաջադրվել մի շարք հոդվածներով, այդ թվում՝ ահաբեկչություն, ահաբեկչության ֆինանսավորում և այլն։
Վարդանյանին սպառնում է ցմահ ազատազրկում։
Ավելի վաղ, Լեռնային Ղարաբաղի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի փաստաբանական թիմը հայտարարություն էր տարածել՝ նշելով, որ այլախոհության շարունակական ճնշման աննախադեպ սրման շրջանակներում Ադրբեջանի դատախազությունը մոտ 45 պոտենցիալ մեղադրանքի նոր հսկայական ցուցակ է ներկայացրել Ադրբեջանում ապօրինի պահվող, Լեռնային Ղարաբաղի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի դեմ, որի հետևանքով վերջինիս ցմահ ազատազրկում է սպասում։ Արցախի նախկին պետնախարար, գործարար և բարերար Ռուբեն Վարդանյանի որդին՝ Դավիթ Վարդանյանը հայտարարել է, որ հայրը, որը մեկ տարուց ավելի է, ինչ Բաքվի բանտում է, մեկուսացված է ընտանիքի կողմից վարձած փաստաբաններից։