9 հունվարի 2025 - 11:33 AMT
Լոս Անջելեսում հրդեհի հետևանքով հարյուրավոր հայեր կորցրել են բնակարանները, Փասադենայի հայկական դպրոցն այրվել է

Լոս Անջելեսում հրդեհի հետևանքով հարյուրավոր հայեր կորցրել են իրենց բնակարանները, բիզնես հաստատությունները։ Ամբողջությամբ այրվել է Լոս Անջելեսի ամենահին հայկական վարժարաններից մեկը` Փասադենայի Սահակ Մեսրոպ հայկական դպրոցը, հայտնում է Ամերիկայի ձայնը։

Դպրոցը հիմնվել էր 1980 թվականին, ուներ մանկապարտեզ և միջին բաժին։

Հրդեհների պատճառով Լոս Անջելեսում հոսանքազրկվել է ավելի քան 220,000 բնակարան և ձեռնարկություն:

Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսը կապ է հաստատել Հյուսիսային Ամերիկայի Արևմտյան հայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ տեր Գեղամ արքեպիսկոպոս Խաչերյանի հետ՝ տեղեկանալու Լոս Անջելեսում տարածվող հրդեհի հետևանքների ու տեղի հայ բնակչության վիճակի մասին, հայտնում է կաթողիկոսությունը:

Հայկական եկեղեցիները հայտարարել են, որ իրենց դռները բաց են բոլոր նրանց համար, ովքեր ապաստանի կարիք ունեն։

Անտառային հրդեհները Լոս Անջելեսի արևմուտքում բռնկվել են հունվարի 7–ին։ Կրակի տարածմանը նպաստում են քամիները։ Կալիֆոռնիայում արտակարգ դրություն է հայտարարվել։