21 մայիսի 2009 - 00:29 AMT
Աշխարհում արդեն ավելի քան 10 հազար մարդ վարակվել է խոզի գրիպով
A/H1N1 գրիպի հարուցիչով վարակման լաբորատորիայում հաստատված դեպքերի թիվն աշխարհում գերազանցել է 10 հազարը: ԱՀԿ մայիսի 20-ի տվյալներով, աշխարհի 41 երկրում արձանագրվել է վարակի 10 հազար 243 դեպք:
A/H1N1 գրիպի բարձր ախտածնության աստիճան ունեցող հարուցիչով վարակման մահացու դեպքեր գրանցվել են Մեքսիկայում` 72 դեպք 3 հազար 648-ից, ԱՄՆ-ում ` 6 դեպք հինգ հազար 469-ից, Կանադայում մեկ դեպք 496-ից, Կոստա-Ռիկայում` 1 9 դեպքից:
Ինչպես նախկինում հաղորդվել էր, ԱՀԿ-ը որոշում էր կայացրել H1N1 գրիպի հարուցիչով վարակման սպառնալիքի մակարդակը չորրորդից բարձրացնել հինգերորդ: Դա նշանակում է, որ հարուցիչը փոխանցվում է մարդու միջոցով եւ հայտնաբերվել է ԱՀԿ հսկողության տակ գտնվող առնվազն երկու երկրում: Դեռ ավելին, սպառնալիքի հինգերորդ եւ նախավերջին մակարդակն ահազանգում է հիվանդության համաշխարհային պանդեմի անխուսափելիության եւ դրան անհապաղ նախապատրաստվելու անհրաժեշտության մասին: Այդ հարուցիչով վարակվելու վտանգ չկա լավ պատրաստված խոզի մսի եւ մսամթերքի օգտագործման դեպքում:
ԱՀԿ-ը խորհուրդ է տալիս նրանց, ովքեր հիվանդ են, հետաձգել միջազգային ուղեւորությունները, իսկ այն մարդկանց, ում մոտ երեւան են եկել ախտանշաններ այդպիսի ուղեւորությունից հետո, դիմել բուժօգնության, գրում է Բելտան: