13 հունվարի 2025 - 12:32 AMT
Նախարար․ «Խաղաղության խաչմերուկի» գործարկման դեպքում Շիրակի «Չոր նավահանգիստը» դառնալու է լրջագույն հաբը

Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը տարեկան ամփոփիչ ասուլիսում հայտարարել է, որ կատարվել է Շիրակի «Չոր նավահանգիստ» արդյունաբերական պարկ ծրագրի տեխնիկատնտեսական ուսումնասիրությունը և կարելի է արձանագրել, որ «Խաղաղության խաչմերուկ» ծրագրի գործարկման և խաղաղության հաստատման պարագայում այս ծրագիրը խիստ իրագործելի է։

«Այս պարագայում Շիրակի «Չոր նավահանգիստը» դառնալու է տարածաշրջանային տրանսպորտային լրջագույն հաբ, և մենք ոչ միայն մեր քաղաքական ուղերձների մեջ, այլ նաև գործի մեջ պատրաստվում ենք իրականացնել «Խաղաղության խաչմերուկը»։ Դա փաստացի միայն գաղափարախոսություն չէ, այլ կոնկրետ ծրագիր է, որը ենթադրում է Հյուիս-հարավ ճանապարհի գործարկում, որը մեծ թափով կառուցման մեջ է։ Երկրորդ փուլում ենթադրում է երկաթուղային ցանցի զարգացում»,-ասել է Պապոյանը, գրում է Aysor.am-ը։

Նախարարն ընդգծել է, որ ծրագրի իրականացման համար լրացուցիչ ներդրումները կլինեն մոտ 50 մլն դոլար։ Տարբեր ընկերություների հետ քննարկում են։

«Սա գործընթաց է, որը պետք է զուգակցվի «Խաղաղության խաչմերուկ» պրոցեսի հետ»,-ասել է նա։

«Չոր նավահանգիստ» նախաձեռնության մասին առաջին անգամ 2021-ին էր հայտարարվել։ Պետք է ստեղծվեր Գյումրիում՝ «Շիրակ» օդանավակայանի մոտ, ունենալու էր չոր նավահանգստի գոտի և օդային գոտի։ Չոր նավահանգստի գոտին ներառելու էր մեծ պահեստ, որտեղ իրականացվելու էին համախմբված բեռնափոխադրումների ծառայություններ, տեղակայվելու էին նաև մաքսային բաժանմունքները, անձնակազմը և տերմինալի կառավարման թիմը: Իսկ օդային գոտում իրականացվելու են օդային բեռնափոխադրումներ։