ՌԴ ԱԳՆ–ն քաղաքական պատվեր և ադրբեջանական ինքնաթիռի կործանումը շահարկելու փորձ է անվանել իբր Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովին հասցեագրված ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի կեղծ նամակը։ Այդ մասին ՌԴ ԱԳՆ–ն հաղորդագրությունը հրապարակվել է գերատեսչության Տելեգրամ ալիքում։
«Համացանցում տարածվում է այսպես կոչված նամակ, իբր գրված ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի անունից, որը հասցեագրված է Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովին։ Այն գրված է անգլերեն լեզվով և այն մասին է, թե իբր ՌԴ–ն չի կարող ապահովել իր օդային տարածքի անվտանգ շահագործումը։ Դա ցինիկ և կոպիտ կեղծիք է»,–ասվում է հաղորդագրության մեջ, գրում է ՏԱՍՍ–ը:
Նշվում է, որ այդ «արտահոսքը» պարզունակ ֆեյքի օրինակ է, որի նպատակն է էմոցիոնալ արձագանք կորզել։
«Կեղծիքի հեղինակներն իրենց նեղություն չեն տվել նույնիսկ նամակին պաշտոնական փաստաթղթի ատրիբուտներ հաղորդելու հարցում՝ ուղարկելով այն սովորական փոստային դոմեյնից և շարքային էլեկտրոնային հասցեից։
Ակնհայտ է, որ նման չարամիտ ապատեղեկատվության հետևում քաղաքական պատվեր կա և «Ադրբեջանական ավիաուղիների» ինքնաթիռի կործանման թեման շահարկելու փորձ»,–ասվում է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ։
ՌԴ ԱԳՆ–ն հիշեցրել է, որ ավիավթարի հետաքննությամբ զբաղվում են պրոֆիլային գերատեսչությունները։
«Մեկ անգամ ևս կոչ ենք անում տեղեկատվական տարածքի բոլոր մասնակիցներին, առաջին հերթին՝ լրագրողներին և բլոգերներին, քննադատաբար մոտենալ ցանկացած չստուգված տվյալների և նյութերի»,–ասվում է հայտարարության մեջ։
Ադրբեջանի տրանսպորտի և թվային զարգացման նախարար Ռաշադ Նաբիևը հայտարարել է, որ Բաքու–Գրոզնի J2-8243 չվերթն իրականացնող ինքնաթիռի բեկորներն ու վկաների ցուցմունքները հիմք են տալիս ասելու, որ ինքնաթիրը «արտաքին միջամտության է ենթարկվել»։ Ադրբեջանը չեղարկել է ՌԴ որոշ ավիաընկերություններին տրամադրված թույլտվությունները։ Այդ պատճառով «Ազիմուտ» ավիաընկերությունը չեղարկել է թռիչքներն Ադրբեջան Միներալնիե Վոդիից և Սոչիից։
Ադրբեջանը ՌԴ–ից փոխհատուցում է պահանջում Բաքու–Գրոզի չվերթն իրականցնող ինքնաթիռի կործանման համար, որի պատճառը եղել է «արտաքին միջամտությունը», ինչպես հայտարարել է Ադրբեջանը։ Բաքուն նաև պահանջում է ռուսական կողմից պատժել մեղավորներին։