14 հունվարի 2025 - 15:57 AMT
Կարապետյան․ ՌԴ հայ գործարարներին մտահոգում են ԵԱՏՄ-ից ՀՀ–ի դուրս գալու մասին քննարկումները

Ռուսաստանի հայ գործարար համայնքի ներկայացուցիչները խորապես մտահոգված են ԵԱՏՄ-ից Հայաստանի հնարավոր դուրս գալու վերաբերյալ քննարկումներով։ Այդ մասին ասվում է Հայ գործարարների ասոցիացիայի և «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ Սամվել Կարապետյանի հայտարարության մեջ։

«Գլոբալ տնտեսական և աշխարհաքաղաքական մարտահրավերների պայմաններում ՀՀ-ի անդամությունը ԵԱՏՄ-ին չափազանց կարևոր է երկրի տնտեսության կայունության համար, քանի որ արտաքին առևտրաշրջանառության գրեթե կեսը բաժին է ընկնում ԵԱՏՄ երկրներին»,–ասվում է հայտարարության մեջ։

Կարապետյանը նշել է, որ չնայած Եվրամիության «գրավչությանը», ԵԱՏՄ անդամ լինելը ոչ միայն նպաստում է տնտեսական աճին, այլև ապահովում է անվտանգության կարևոր մակարդակ, ինչը չափազանց կարևոր է ներկայիս անորոշ միջազգային իրավիճակում։

Անդրադառնալով ԵԱՏՄ–ի հետ հնարավոր խզման հետևանքներին՝ նա նշել է, որ մաքսատուրքերի ներդրումը կարող է բարդացնել արտահանումը ԵԱՏՄ երկրներ, այդ թվում ՌԴ՝ նվազեցնելով ապրանքների մրցունակությունը, ինչը կհարվածի նաև ներդրումային միջավայրին, քանի որ ՀՀ-ում Ռուսաստանը հիմնական ներդրողն է:

Նշվել է նաև, որ ԵԱՏՄ երկրներում աշխատող ՀՀ քաղաքացիները օգտվում են արտոնյալ պայմաններից, իսկ միությունից դուրս գալը կբարդացնի ՌԴ-ում աշխատուժի իրավիճակը, ինչը կարող է հանգեցնել դեպի ՀՀ տրանսֆերտների նվազմանը։

Կարապետյանը հավելել է, որ ԵԱՏՄ-ին անդամակցությունը բարենպաստ պայմաններ է ապահովում ՌԴ–ից էներգառեսուրսների մատակարարման համար, ինչը չափազանց կարևոր է տնտեսության համար։

Հայաստանի կառավարությունը հունվարի 9-ին հավանություն է տվել Եվրամիությանն անդամակցելու գործընթաց սկսելու մասին նախագծին, որը ներկայացրել էր «Եվրաքվե» քաղաքացիական նախաձեռնությունը։ Նախագիծն առաջիկայում քննարկվելու է Հայաստանի խորհրդարանում։

Եվրամիությունը կվերլուծի Հայաստանի կառավարության հավանությանն արժանացած օրինագիծը կառույցին անդամակցության գործընթաց սկսելու մասին և հարցը կքննարկի Հայաստանի իշխանությունների հետ։ Այդ մասին ասել է ԵՄ արտաքին հարաբերությունների և անվտանգության հարցերով գլխավոր խոսնակ Անիտա Հիպերը։