Հունվարի 14-ին Վաշինգտոնում ԱՄՆ պետքարտուղարությունում կայացել է ՀՀ և ԱՄՆ միջև ռազմավարական գործընկերության մասին կանոնադրության ստորագրումը։ ՀՀ կողմից փաստաթուղթը ստորագրել է արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը, ԱՄՆ կողմից՝ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը։
Վերջինս կանոնադրության ստորագրման արարողության իր խոսքում ասել է, որ առաջիկա շաբաթներին ԱՄՆ–ից մաքսային և սահմանային անվտանգության հարցերով թիմ կմեկնի Հայաստան՝ սահմանային անվտանգության կարողությունների զարգացման ուղղությամբ հայ գործընկերների հետ աշխատելու համար, հայտնում է Արմենպրեսը։
Բլինքենը նշել է, որ ԱՄՆ–ն Հայաստանի հետ աշխատում է նաև անվտանգության և պաշտպանության ոլորտում՝ մասնավորապես` Հայաստանի անկախությունն ու ինքնիշխանությունը սեփական տարածքում պաշտպանելու ջանքերին աջակցելու համար։
«Հաջորդ ամիս, առաջիկա շաբաթներին, Հայաստան կմեկնի մաքսային և սահմանային անվտանգության հարցերով թիմ՝ աշխատելու հայ գործընկերների հետ սահմանային անվտանգության կարողությունների զարգացման, անվտանգության ոլորտում համագործակցության ամրապնդման և Հայաստանի խաղաղապահ կարողությունների բարձրացման ուղղությամբ` «Արծիվ գործընկեր»-ի նման զորավարժությունների միջոցով»,–ասել է Բլինքենը:
Ստորագրմանը հաջորդած հանդիպմանը Միրզոյանը և Բլինքենը քննարկել են Հայաստանի և Միացյալ Նահանգների միջև համագործակցության հետագա խորացմանը միտված օրակարգային հարցերն, ընթացիկ աշխատանքներն ու հետագա հնարավոր քայլերը։
ԱԳ նախարարը և ԱՄՆ պետքարտուղարն անդրադարձել են երկու երկրի միջև ռազմավարական գործընկերության հաստատմամբ ընձեռնվող ոլորտային գործակցության նախաձեռնություններին և նոր հնարավորություններին՝ միտված ՀՀ դիմակայունության ամրապնդմանն ու տնտեսական զարգացմանը։
Անդրադարձ է կատարվել նաև ՀՀ-ԵՄ գործընկերության խորացմանը միտված գործընթացին։ Արարատ Միրզոյանը և Էնթոնի Բլինքենը մտքեր են փոխանակել տարածաշրջանային զարգացումների շուրջ:
Անդրադարձ է կատարվել Հարավային Կովկասում ստեղծված անվտանգային իրավիճակին, խաղաղության հաստատման հնարավորություններին, ինչպես նաև առկա մարտահրավերներին և դրանց արդյունավետ հաղթահարման ուղղությամբ ջանքերին: Նախարար Միրզոյանն ընդգծել է, որ հարևանների հետ հարաբերությունների կարգավորումը, տարածքային ամբողջականության ու ինքնիշխանության նկատմամբ լիակատար հարգանքը, ինչպես նաև տնտեսական զարգացման կարևորության գիտակցումը դրված են ՀՀ կառավարության տեսլականի հիմքում և կշարունակեն մնալ հետագա քայլերի հիմնական ուղենիշ։