21 մայիսի 2009 - 15:52 AMT
Իրանը Հայաստանի համար այլընտրանք է ռեսուրսների առաքման առումով
Բոլոր նախագծերն, որոնք Հայաստանը իրականացնում է հարեւան Իրանի հետ, ուղղված են, հիմնականում, անվտանգության ապահովմանն ինչպես ռազմական ոլորտում, այնպես էլ էներգետիկայում եւ բնապահպանական ոլորտում: Այդ մասին Երեւանում հայտարարել է ԵՊԸ քաղաքակրթական եւ մշակութային կենտրոնի տնօրեն, պրոֆեսոր Դավիթ Հովհաննիսյանը «Հայ-իրանական հարաբերությունների հեռանկարները» թեմայով քննարկման ընթացքում: «Անվտանգության ապահովման տեսակետից Իրանը չափազանց կարեւոր դեր ունի: Հայաստանի անկախության օրվանից ի վեր մենք բազմիցս ենք համոզվել դրանում: Հայաստանի շրջափակման պայմաններում Իրանը «միակ կյանքի ճանապարհն էր»,-ասել է հայ փորձագետը: Նրա կարծիքով, հայ-իրանական հարաբերությունների զարգացման հիմնական խնդիրը շարունակում է մնալ ենթակառուցվածքների զարգացման հարցը: «Գազամուղի առկայությունը լրացուցիչ հնարավորություն է այս առումով: Չմոռանանք նաեւ Հայաստան-Իրան երկաթուղու շինարարության մասին, որը մեր երկրի համար ելք կբացի արտաքին աշխարհ»,-նշել է Դավիթ Հովհաննիսյանը` հավելելով, որ Իրանը Հայաստանի համար այլընտրանք է ռեսուրսների առաքման առումով: «Այսօր կան բոլոր հնարավորությունները, որպեսզի Իրանն այլընտրանքայինից դառնա ռեսուրսների հիմնական առաքիչը»,-ընդգծել է նա: