Հանրապետությունում շարունակում է շրջանառվել սեզոնային գրիպի Ա տեսակի H1pdm09 ենթատեսակը, հայտնում է առողջապահության նախարարությունը:
«Այս համատեքստում հատկապես կարևորվում է սեզոնային գրիպի դեմ պատվաստումների իրականացումը՝ հաշվի առնելով, որ գրիպի նշված տեսակը ներառված է հանրապետությունում առկա սեզոնային գրիպի դեմ քառավալենտ պատվաստանյութի կազմում»,–ասված է հաղորդագրության մեջ:
Պատվաստումները կատարվում են կամավորության սկզբունքով, անկախ հաշվառումից և քաղաքացիությունից, պետական պատվերի շրջանակներում՝ առաջնահերթությունը տալով ռիսկի խմբերում գտնվող անձանց, որոնց մոտ հիվանդությունը կարող է ընթանալ ծանր կամ բարդություններ առաջացնել»,
Գրիպի դեմ պատվաստումների համար ռիսկի խմբերի շարքում ընդգրկված են հղի կանայք, 6 ամսականից մինչև 5 տարեկան երեխաները, 65 տարեկանից բարձր անձինք, ինչպես նաև շաքարային դիաբետով, շնչառական, սրտանոթային, լյարդի և երիկամների քրոնիկ հիվանդություններով տառապողները: Ռիսկի խմբերում ներառված են նաև բուժաշխատողները, փակ հաստատություններում բնակվողներն ու նրանց սպասարկող անձնակազմը, ինչպես նաև զորակոչիկները:
Բացի այդ, սեզոնային գրիպի դեմ պատվաստումները կարող են հասանելի լինել բնակչության այլ խմբերի համար, կիրառվել այլ պատվաստանյութերի հետ համատեղ կամ ցանկացած ժամանակային ընդմիջումով: Ռիսկի խմբերի քաղաքացիներին առաջարկվում է դիմել պոլիկլինիկաներ՝ պատվաստման համար:
«Սեզոնային գրիպի դեմ պատվաստումները հասանելի կլինեն նաև բնակչության այլ խմբերի համար, կարող են կիրառվել այլ պատվաստումների հետ համատեղ կամ ցանկացած ընդմիջումով, իսկ ռիսկի խմբերում ընդգրկված անձինք կարող են դիմել պոլիկլինիկա և պատվաստվել»,-նշվում է հաղորդագրության մեջ: