16 հունվարի 2025 - 14:37 AMT
Փոխնախարար․ ԵՄ-ի հետ նոր օրակարգի շուրջ բանակցությունները մոտ են ավարտին

Հայաստանի արտգործնախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը հայտնել է, որ ԵՄ-ի հետ նոր առաջնահերթությունների օրակարգի շուրջ բանակցությունները գրեթե ավարտին են հասցվել։ Նա ընդգծել է, որ առաջիկայում նախատեսվում են հանդիպումներ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ՝ այդ արդյունքները ներկայացնելու նպատակով։ Նա այդ մասին ասել է Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի կազմակերպած «Հայաստան-ԵՄ ռազմավարական գործընկերության խթանումը Վիշեգրադյան քառյակի փորձի հիման վրա» խորագրով համաժողովի ընթացքում։

Հովհաննիսյանը նշել է, որ արդեն կապեր են հաստատվել ԵՄ նոր ղեկավարության հետ, գրում է «Առավոտը»։

«Վերջերս տեղի է ունեցել հեռախոսազրույց ԵՄ խորհրդի նախագահի և վարչապետ Փաշինյանի միջև»,- ասել է նա՝ նշելով, որ սպասում են ԵՄ բարձր ներկայացուցիչ Կայա Կալասի այցին։

«Մենք շատ ենք կարևորում Վիշեգրադյան քառյակի հետ համագործակցությունը՝ նախ և առաջ ԵՄ-ի համատեքստում, նաև այդ 4 երկրի հետ մեր հարաբերություններն էլ ավելի սերտացնելու առումով»,- նշել է Հովհաննիսյանը:

Փոխնախարարը նշել է, որ Հայաստանի և Վիշեգրադյան քառյակի անդամ երկրների հարաբերություններն ակտիվ զարգացում են ապրում։

«Այդ երկրների հետ դինամիկան ակնհայտ է, Լեհաստանը մնում է մեր առանցքային երկրներից ԵՄ երկրների շարքում, Չեխիայի հետ նույնպես ունենք շատ խորը համագործակցություն և գործընկերություն, Սլովակիան վերջերս բացել է իր դեսպանությունը, և այժմ ունենք ծրագիր ակտիվացնելու մեր երկկողմ կապերը, նաև այս տարի որոշում է ընդունվել բացել Հայաստանի դեսպանություն Հունգարիայում և Հունգարիայի դեսպանություն՝ Հայաստանում…»,- հավելել է նա։

Արտգործնախարարի տեղակալը հայտնել է, որ դեկտեմբերի ընթացքում մեկնարկել են բովանդակային բանակցություններ մուտքերի արտոնագրերի ազատականացման շուրջ, և առաջիկա ամիսներին այդ գործընթացը կակտիվանա։ Այս համատեքստում, նրա խոսքով, նախատեսվում են այցեր ճյուղային նախարարությունների կողմից՝ նախարարների մակարդակով։

Ավելի վաղ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույց է ունեցել Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտայի հետ՝ շնորհավորելով նրան բարձր պաշտոնում ընտրվելու առիթով, հաջողություններ մաղթելով, ինչպես նաև գոհունակություն արտահայտելով Հայաստան-ԵՄ համագործակցության ընթացիկ վիճակի վերաբերյալ: Կոշտայի հարցին ի պատասխան Փաշինյանը նրան տեղեկացրել է Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացի ընթացիկ վիճակի մասին և ընդգծել, որ Հայաստանի կառավարությունը չի շեղվելու խաղաղության օրակարգից: