16 հունվարի 2025 - 15:55 AMT
Իսրայելի վարչապետը ՀԱՄԱՍ–ին մեղադրել է գործարքի ձգձգման համար

Իսրայելի վարչապետի գրասենյակը մեղադրել է ՀԱՄԱՍ–ին համաձայնությունները խախտելու և պատանդների ազատ արձակման բանակցություններում վերջին րոպեին «ճգնաժամ» ստեղծելու համար:

«ՀԱՄԱՍ–ը խախտում է համաձայնությունները և վերջին րոպեին ճգնաժամ է ստեղծում, որը խանգարում է համաձայնությանը», - նշված է վարչապետի գրասենյակի՝ անգլերեն և եբրայերեն տարածած հայտարարությունում, գրում է Times of Israel-ը։

Նշվում է, որ «Իսրայելի կառավարությունը չի հավաքվի, մինչև միջնորդներն Իսրայելին չտեղեկացնեն, որ ՀԱՄԱՍ–ն ընդունել է համաձայնագրի բոլոր կետերը»։

Վարչապետի գրասենյակը նշել է, որ ներկայիս վեճը կապված է ազատ արձակվելիք պաղեստինյան բանտարկյալների ինքնության հետ։

«ՀԱՄԱՍ–ը պահանջում է բացահայտել այդ մարդասպանների ինքնությունը, ինչը հակասում է նախնական պայմանավորվածություններին», –ասվում է հաղորդագրության մեջ։

Համաձայնագրի արտահոսած տարբերակում նշված էր, որ բանտարկյալների ազատ արձակումը կկատարվի «երկու կողմերի համաձայնեցված ցուցակների հիման վրա»։

Հունվարի 15–ին Կատարի վարչապետը, ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը և ԱՄՆ ընտրված նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեցին, որ հրադադարի մասին համաձայնություն է ձեռք բերվել Իսրայելի և ՀԱՄԱՍ–ի միջև։ Սակայն Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն շարունակում է պնդել, որ վերջնական հաստատումը կախված է չլուծված հարցերից։

Photo. Getty Images