Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հունվարի 17–ին պաշտոնական այցով կմեկնի Ադրբեջան։ Այդ մասին հայտնել է Վրաստանի կառավարության մամուլի ծառայությունը։
Այցի հիմնական նպատակը կլինի մասնակցությունը ադրբեջանա-վրացական միջկառավարական տնտեսական հանձնաժողովի 10-րդ նստաշրջանին, գրում է APA-ն։
«Այցի շրջանակներում Բաքվում կանցկացվի Միջկառավարական վրաց-ադրբեջանական հանձնաժողովի նիստը՝ տնտեսական համագործակցության հարցերով, Վրաստանի և Ադրբեջանի Հանրապետության վարչապետների ղեկավարությամբ։ Հանձնաժողովի նիստին կմասնակցեն երկու երկրների կառավարությունների անդամները»,– ասվում է հաղորդագրության մեջ։
Նախատեսվում է, որ Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը կունենան առանձին հանդիպում։ Հանդիպումից հետո նրանք հանդես կգան համատեղ հայտարարություններով մամուլի համար։
Վրաստանի պատվիրակության կազմում վարչապետի գլխավորությամբ կլինեն առաջին փոխվարչապետը, տնտեսության և կայուն զարգացման նախարար Լևան Դավիթաշվիլին, արտաքին գործերի նախարար Մակա Բոչորիշվիլին, այլ պաշտոնյաներ։