Հունվարի երկրորդ շաբաթվա ընթացքում Հայաստանում նկատվել է սուր շնչառական վարակներով պայմանավորված դիմելիության բարձրացում: Այդ մասին հայտնել է ՀՎԿԱԿ վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության վարչության բժիշկ-համաճարակաբան Աիդա Հովհաննիսյանը, հայտնում է Արմենպրեսը։
Նա նշել է, որ առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի տվյալներով՝ այս ընթացքում բժշկական կազմակերպություններին դիմել է 7278 մարդ՝ ցուցանիշը նախորդ շաբաթվա համեմատ աճել է 2․6 անգամ, սակայն դեռևս 1․3 անգամ զիջում է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշին:
«Թոքաբորբով պայմանավորված ցուցանիշը նախորդ շաբաթվա համեմատ աճել է 3․1 անգամ, իսկ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ՝ բարձրացել է 2․1 անգամ: Նշեմ, որ սուր շնչառական վարակներով պայմանավորված դիմելիության 71․1 տոկոսը կազմում են 0-18 տարեկան երեխաները, թոքաբորբով պայմանավորված դիմելիության 66․3 տոկոսը ևս 0-18 տարեկաններն են: Հունվարի 14-ի դրությամբ առկա տվյալներով՝ սուր շնչառական վարակներով Հայաստանի բուժհաստատություններում հոսպիտալացվել է 704 բուժառու, որոնց 90․7 տոկոսը 0-18 տարեկան երեխաներ են»,- նշել է մասնագետը:
Նա հավելել է, որ նույն ամսաթվի տվյալներով թոքաբորբով հոսպիտալացվել է 544 հիվանդ, որոնցից 63 տոկոսը երեխաներ են՝ 0-18 տարեկան: Վերակենդանացման բաժանմունքներում սուր շնչառական վարակներով և թոքաբորբով պայմանավորված բուժվում է 64 անձ, որոնց 73 տոկոսը ևս երեխաներ են:
«Ըստ լաբորատոր հետազոտությունների արդյունքների՝ հունվարի երկրորդ շաբաթվա ընթացքում Հայաստանում շրջանառվել են գրիպի A տեսակի H1 ենթատեսակը, ինչպես նաև սինցիցիալ վիրուսը, ռինովիրուսը, ադենովիրուսը և կորոնավիրուսային հիվանդության հարուցիչները: Նշեմ, որ ամբողջ սեզոնի ընթացքում հայտնաբերվել են նաև գրիպի B տեսակի, պարագրիպի, ադենովիրուսի, բոկավիրուսի հարուցիչներ»,- նշել է Հովհաննիսյանը:
Մասնագետը հորդորել է խուսափել ինքնաբուժումից, հատկապես՝ հակաբիոտիկների օգտագործումից: Նա ընդգծել է, որ եթե երեք և ավելի օր ջերմություն ունեն, ապա անհրաժեշտ է դիմել տեղամասային բժշկին և պահպանել կանխարգելիչ միջոցառումները: Նա կարևորել է պարբերաբար մակերեսների մաքրումը, ախտահանումը և տարածքների օդափոխումը:
«Ուզում եմ շեշտել նաև, որ գրիպի դեպքում շատ կարևոր կանխարգելիչ միջոցառում է պատվաստումը: Հատկապես խոցելի խմբերին մշտապես հորդորում ենք պատվաստվել»,- եզրափակել է մասնագետը: