Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը հայտարարել է, որ Իսրայելի կողմից ստեղծված խոչընդոտները Գազայի հատվածում զինադադարի պայմանագրի իրականացման հարցում վերացվել են։
«Միջնորդների ջանքերով այս առավոտ վերացվել են խոչընդոտները, որոնք առաջացել էին Իսրայելի կողմից զինադադարի պայմանագրի կետերի չկատարման պատճառով»,- նշվում է ՀԱՄԱՍ-ի պաշտոնական հայտարարության մեջ, հայտնում է ՌԻԱ Նովոստին։
ՀԱՄԱՍ-ն ընդգծել է նաև, որ շուտով կհրապարակվի պաղեստինցի կալանավորների ցանկը, որոնք ազատ կարձակվեն պայմանագրի առաջին փուլի շրջանակներում։
Ավելի վաղ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի գրասենյակը հայտնել էր, որ առաջին պատանդները կարող են ազատվել Գազայի հատվածից հունվարի 19-ին, եթե Իսրայելի ռազմաքաղաքական ղեկավարությունը հաստատի ՀԱՄԱՍ-ի հետ ձեռք բերված պայմանագիրը։
Պատերազմը սկսվել է 2023 թվականի հոկտեմբերի 7-ին՝ ՀԱՄԱՍ–ի հարձակմամբ Իսրայելի հարավում, որը 1200 մարդու մահվան և 250 պատանդների առևանգման պատճառ դարձավ։ Իսրայելի պատասխան հարվածները Գազայում խլել են 46,700 պաղեստինցու կյանք՝ տեղահանելով 2.3 միլիոն բնակչի 90 տոկոսը։
Գազայի ենթակառուցվածքներն ավերվել են։ Հիվանդանոցները դժվարությամբ են գործում, իսկ որոշ շրջաններում նշվում է սովի վտանգ։ Հակամարտությունը տարածվել է տարածաշրջանում՝ Իրանի աջակցությամբ գործող խմբերի ներգրավմամբ։ Իսրայելը հարվածներ է հասցրել ՀԱՄԱՍ–ի և «Հեզբոլլահի» առաջնորդներին՝ ամրապնդելով իր դիրքերը բանակցություններում։