Իսրայելի կառավարությունը պաշտոնապես հաստատել է ՀԱՄԱՍ–ի հետ պատանդների գործարքը հունվարի լույս 18–ի գիշերը՝ ավարտելով յոթ ժամ տևած քննարկումները, հայտնում է BBC-ն։
Ընդհանուր առմամբ, 24 նախարար կողմ է քվեարկել առաջարկին, իսկ 8–ը՝ դեմ:
Աշխատանքային նիստը նախատեսված էր սկսել ժամը 15:30-ին, սակայն սկսվել է մոտ երեք ժամ ուշացումով՝ ժամը 18:30-ին, քանի որ Իսրայելի անվտանգության կաբինետում քննարկումները շարունակվել են երեկոյան:
Այժմ համաձայնագիրը կարող է ուժի մեջ մտնել նախատեսված ժամկետում՝ հունվարի 19–ին։ Նույն օրը ՀԱՄԱՍ–ը պետք է ազատ արձակի գերության մեջ գտնվող 33 իսրայելցու։
Ավելի վաղ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի գրասենյակը հայտնել էր, որ առաջին պատանդները կարող են ազատվել Գազայի հատվածից հունվարի 19-ին, եթե Իսրայելի ռազմաքաղաքական ղեկավարությունը հաստատի ՀԱՄԱՍ-ի հետ ձեռք բերված պայմանագիրը։
Պատերազմը սկսվել է 2023 թվականի հոկտեմբերի 7-ին՝ ՀԱՄԱՍ–ի հարձակմամբ Իսրայելի հարավում, որը 1200 մարդու մահվան և 250 պատանդների առևանգման պատճառ դարձավ։ Իսրայելի պատասխան հարվածները Գազայում խլել են 46,700 պաղեստինցու կյանք՝ տեղահանելով 2.3 միլիոն բնակչի 90 տոկոսը։
Գազայի ենթակառուցվածքներն ավերվել են։ Հիվանդանոցները դժվարությամբ են գործում, իսկ որոշ շրջաններում նշվում է սովի վտանգ։ Հակամարտությունը տարածվել է տարածաշրջանում՝ Իրանի աջակցությամբ գործող խմբերի ներգրավմամբ։ Իսրայելը հարվածներ է հասցրել ՀԱՄԱՍ–ի և «Հեզբոլլահի» առաջնորդներին՝ ամրապնդելով իր դիրքերը բանակցություններում։