21 հունվարի 2025 - 14:57 AMT
Փոխնախարար․ Աշխարհազորը կփոխարինվի տեղական պաշտպանության ուժերով

ՀՀ պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանն Ազգային ժողովում հայտարարել է, որ աշխարհազորը կփոխարինվի տեղական պաշտպանության ուժերով։ Նա ներկայացրել է ծրագրի նպատակը և առանձնահատկությունները։

«Նախատեսվում է ներկայումս գործող աշխարհազորի համակարգը փոխարինել տեղական պաշտպանության ուժերով: Սահմանվում են դրանց խնդիրները, դերը, ղեկավարման սկզբունքները, կառուցվածքը, այդ ստորաբաժանումների համալրման կարգը: Տեղական պաշտպանության ուժերի ընդհանուր ղեկավարումն իրականացնելու է բանակային կորպուսի հրամանատարը, դրանք ներառվելու են զորամիավորման ենթակայությամբ գործող զորամասերի կազմում՝ որպես աջակցող ստորաբաժանումներ»,- ընդգծել է Սարգսյանը, գրում է Aysor.am-ը։

Այս ուժերը նախատեսվում է համալրել այն քաղաքացիներով, ովքեր հաշվառված են համայնքներում, սակայն պատերազմի ժամանակի հաստիքներին չեն կցագրված, ինչպես նաև պահեստազորի երկրորդ խմբում գտնվող կամ զինվորական հաշվառումից հանված անձանցով։

Ներգրավումը իրականացվելու է կամավորության հիմքով՝ կնքելով հատուկ պայմանագիր, որը չի դիտարկվելու որպես զինվորական ծառայության պայմանագիր։

«Սահմանվում են նաև տեղական պաշտպանության ուժերի ստորաբաժանումներում քաղաքացիների ներգրավման, պատրաստման և կիրառման պայմանները, որոնք մեծամասամբ նույնական են գործող օրենքով աշխարհազորայինների մասով նախատեսված պայմաններին»,- հավելել է փոխնախարարը։

Նա ընդգծել է, որ համակարգը ուղղված է անվտանգության մակարդակի բարձրացմանն ու համակարգման բարելավմանը։