ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հայտնել է, որ խաղաղության պայմանագրի վերաբերյալ Հայաստանն իր առաջարկներն է փոխանցել Ադրբեջանին՝ նշելով, որ այժմ սպասում են նրանց պատասխանին։
«Այդ երկու հոդվածի մասին է, որոնց շուրջ վերջնական համաձայնության չենք եկել։ Այդ երկու հարցը հրապարակային է, դրանց մասին խոսել ենք։ Դրանց մասով, հուսով ենք, լուծումներ կգտնենք»,- ասել է նա, հայտնում է Radar.am-ը։
Գրիգորյանը նաև անդրադարձել է ԵՄ դիտորդական առաքելության ժամկետի երկարաձգմանը հայ-ադրբեջանական սահմանին՝ հույս հայտնելով, որ տեղակայման ժամկետը կերկարացվի։
«Հուսով ենք, որ Բրյուսելը կերկարաձգի Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությունը»,–ասել է նա։
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ավելի վաղ հայտարարել էր, թե ՀՀ–ն պետք է երկխոսություն սկսի այսպես կոչված «արևմտյան Ադրբեջանի» համայնքի հետ, որի տակ հարևան երկրում հասկանում են ՀՀ գրեթե ամբողջ տարածքը, այդ թվում՝ Երևանը։
Նա հայտարարել էր, որ Երևանն ու Բաքուն չեն համաձայնեցրել ապագա խաղաղության պայմանագրի 2 կետ՝ միջազգային ատյաններում միմյանց դեմ հայցերից հրաժարվելն ու սահմանին երրորդ երկրների ուժերի ներկայությունը։ Նա նաև ասել է, որ կա ևս 2 բան, որ ՀՀ–ն պետք է անի մինչև խաղաղության պայմանագրի ստորագրումը՝ փոխի իր Սահմանադրությունը և համաձայնություն տա ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարմանը։