Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը մտահոգիչ է համարում Բաքվից հնչող հայտարարությունները։ Նա այդ մասին ասել է ճեպազրույցում։
Նա նշել է, որ Ադրբեջանը շարունակում է ինտենսիվ կերպով զորավարժություններ անցկացնել, ինչպես նաև ակտիվորեն թռիչքներ իրականացնել այլ պետություններից, որոնք հավանաբար ռազմական տեխնիկա են հասցնում Բաքու:
«Բայց մենք վերջին տարիներին տարբեր ուղղություններով աշխատել ենք, որպեսզի հնարավորինս կայունություն ստեղծենք տարածաշրջանում»,-ասել է Գրիգորյանը, հայտնում է Aysor.am-ը։
Նա օրինակ է բերել ԵՄ դիտորդական առաքելության ներկայությունը ՀՀ-ում և հույս հայտնել, որ Բրյուսելը որոշում կկայացնի առաքելության ժամկետը երկարաձգելու վերաբերյալ։
«Հայաստանի միանալը Հռոմի ստատուտին, որը կարծում ենք, որ կարևոր գործոն է կայունության տեսանկյունից, Հայաստանում տեղի ունեցող ռազմակաան բարեփոխումները որոշակի կայունության գործոններ են, և մենք այս բոլորը համատեղ ենք հաշվի առնում»,- նշել է Գրիգորյանը՝ ընդգծելով այս քայլերի կարևորությունը:
Անդրադառնալով Հայաստանի արտաքին քաղաքականությանը՝ Գրիգորյանը շեշտել է, որ Հայաստանը չի իրականացնում իր հարաբերությունները որևէ երկրի հետ այլ երկրի հաշվին: Նա նշել է, որ Հայաստանը ձգտում է խորացնել իր համագործակցությունը ինչպես Բրյուսելի և ԵՄ անդամների, այնպես էլ ԱՄՆ հետ:
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ավելի վաղ հայտարարել էր, թե ՀՀ–ն պետք է երկխոսություն սկսի այսպես կոչված «արևմտյան Ադրբեջանի» համայնքի հետ, որի տակ հարևան երկրում հասկանում են ՀՀ գրեթե ամբողջ տարածքը, այդ թվում՝ Երևանը։
Նա հայտարարել էր, որ Երևանն ու Բաքուն չեն համաձայնեցրել ապագա խաղաղության պայմանագրի 2 կետ՝ միջազգային ատյաններում միմյանց դեմ հայցերից հրաժարվելն ու սահմանին երրորդ երկրների ուժերի ներկայությունը։ Նա նաև ասել է, որ կա ևս 2 բան, որ ՀՀ–ն պետք է անի մինչև խաղաղության պայմանագրի ստորագրումը՝ փոխի իր Սահմանադրությունը և համաձայնություն տա ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարմանը։