27 հունվարի 2025 - 15:16 AMT
JPost. ՀՀ դեմ Ադրբեջանի հարձակումը չի բխում Իսրայելի շահերից

The Jerusalem Post–ը, անդրադառնալով իրավիճակին Հարավային Կովկասում, գրել է, որ ՀՀ դեմ Ադրբեջանի հնարավոր հարձակումը չի բխում Իսրայելի շահերից։

Նշվում է, որ Իսրայելը ձևավորել է ռազմավարական դաշինք Ադրբեջանի հետ, որը դարձել է նրա քաղաքականության առանցքը Հարավային Կովկասում, սակայն, Բաքվի գործողությունները, մասնավորապես՝ Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ հավակնությունները, անհանգստացնող են։

«Ադրբեջանը նպատակ ունի յուրացնել այսպես կոչված Զանգեզուրի միջանցքը Սյունիքի շրջանում, ինչը ենթադրում է ագրեսիայի շարունակություն, որը չի բխում Իսրայելի շահերի։ Որպես տարածաշրջանային զարգացումներին ուշադիր հետևողներ՝ մենք կոչ ենք անում Իսրայելին հետ պահել իր դաշնակցին այս կործանարար ուղին ընտրելուց։

Բաքվի ռեժիմը, նախագահ Իլհամ Ալիևի ղեկավարությամբ, Իսրայելին մատակարարում է նավթ, գնում է նորագույն զենքեր և տրամադրում է ռազմավարական դիրք՝ Իրանի ազդեցությանը դիմակայելու համար։ Չնայած այս համագործակցությունը կարող է դիտարկվել որպես իրատեսական քաղաքականության օրինակ, այն կապված է աշխարհի ամենաավտորիտար վարչակարգերից մեկի հետ»,–ասվում է հոդվածում;

Նշվում է, որ Ադրբեջանի համար այս դաշինքը կարևոր էր Լեռնային Ղարաբաղի հակամարտության ընթացքում, որտեղ, իբր, իսրայելական զենքը կարևոր դեր է խաղացել Բաքվի վճռական հաղթանակում, որի արդյունքում 2023 թվականի սեպտեմբերին տեղի ունեցավ 120,000 հայերի էթնիկ զտումը։

«Նման զարգացումների համատեքստում Ադրբեջանի հանդեպ Իսրայելի շարունակական աջակցությունը կարող է երկարաժամկետ վնաս հասցնել նրա հեղինակությանը և ռազմավարական շահերին»,–ասվում է հոդվածում։

Ադրբեջանը 2023–ի սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ լայնամասշտաբ հարձակում է իրականացրել՝ ամբողջությամբ զանգվածային հրետակոծության տակ առնելով երկիրը։ Արդյունքում մեկ օր անց՝ սեպտեմբերի 20-ին ԱՀ իշխանություններն ընդունել են ռուսական խաղաղապահ առաքելության հրամանատարության առաջարկը կրակի դադարեցման վերաբերյալ՝ համաձայնվելով Բաքվի պայմաններին՝ ՊԲ զինաթափում և Արցախի Հանրապետության լուծարում։ Սեպտեմբերի 24-ից արցախցիների բռնի տեղահանում է սկսվել, 100,000–ից ավելի մարդ է բռնի տեղահանվել Հայաստան: Ըստ որոշ տվյալների, Արցախում մոտ 20 հայ է մնացել։ Սեպտեմբերի 28–ին ԱՀ նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր է ստորագրել ԱՀ լուծարման մասին, որը ուժի մեջ է մտել 2024–ի հունվարի 1–ից։