Շփման գծում իրավիճակը հարաբերականորեն կայուն է, բայց ադրբեջանական կողմի ռազմատենչ հայտարարությունները շարունակվում են մնալ ուշադրության կենտրոնում։ Այդ մասին հունվարի 28-ին Եռաբլուր զինվորական պանթեոնում լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Էդվարդ Ասրյանը։
«Ադրբեջանի պաշտպանության նախարարի ռազմատենչ հայտարարությունները մեզ միշտ մտահոգում են, սակայն օպերատիվ գնահատականում դրանք փոքր մաս են կազմում։ Մենք ուշադիր հետևում ենք և՛ սահմանին տիրող վիճակին, և՛ այդ հայտարարություններին», - նշել է ԳՇ պետը՝ անդրադառնալով Զաքիր Հասանովի հայտարարություններին, հայտնում է Արմենպրեսը։
Ասրյանը նաև անդրադարձել է ՀՀ քաղաքացիների մտահոգություններին՝ նշելով, որ դրանք հիմնավորված են, քանի որ ադրբեջանական զինուժը շարունակում է մնալ Հայաստանի ինքնիշխան տարածքում։
«Մենք մեր առջև դրված խնդիրը կատարում ենք՝ գնում ենք խաղաղության ճանապարհով, այն է՝ սահմանագծման և սահմանազատման ճանապարհով։ Զինված ուժերն էլ շարունակում են զարգանալ, կատարելագործվել և համալրվել», - ընդգծել է ԳՇ պետը։
Հունվարի 28–ին նշվում է ՀՀ զինված ուժերի կազմավորման 33-րդ տարեդարձը: