Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը Բանակի օրվա առթիվ ուղերձ է հղել, որտեղ շնորհավորել է բոլոր զինծառայողներին և կարևորել մարդու իրավունքների պաշտպանվածությունն ու իրավունքի գերակայությունը զինված ուժերում։
«Սիրելի՛ հայրենակիցներ, հարգելի՛ զինծառայողներ, Շնորհավորում եմ Բանակի կազմավորման 33-րդ տարեդարձի առթիվ։ Բանակը մեր անկախ պետականության հիմնասյուներից է և երկրի անվտանգության կարևոր երաշխավորը։ Զինված ուժերում մարդու պաշտպանված իրավունքներն ու իրավունքի գերակայությունը ունեն բացառիկ կարևորություն և առաջնահերթություն են իմ գործունեության տեսանկյունից։ Զինված ուժերի յուրաքանչյուր ներկայացուցչի իրավունքների պաշտպանությունը մշտապես իմ ուշադրության կենտրոնում է», – նշել է Մանասյանը։
ՄԻՊ-ը նաև անդրադարձել է իր իրականացրած աշխատանքներին՝ շեշտելով զորամասեր և զինվորական հաստատություններ իրականացվող պարբերական այցերի կարևորությունը, որոնց ընթացքում հանդիպում է զինծառայողներին, ծանոթանում նրանց մտահոգություններին և բարձրացնում դրանց լուծման ուղղությամբ առաջարկներ։
«Մեր կողմից վերհանված համակարգային խնդիրների համար մշակվում և իրավասու պետական մարմիններին ներկայացվում են համապատասխան առաջարկություններ և լուծումներ», – ասել է Մանասյանը։
Ամփոփելով՝ ՄԻՊ-ը զինծառայողներին մաղթել է անվտանգ ծառայություն, իսկ երկրին՝ խաղաղություն և բարօրություն։
Հունվարի 28-ին նշվում է ՀՀ Զինված ուժերի կազմավորման 33-րդ տարեդարձը։