28 հունվարի 2025 - 14:14 AMT
Իրանի ԱԳՆ․ ԱՄՆ-ն և Իսրայելը «խենթ» պիտի լինեն՝ Իրանի միջուկային օբյեկտներին հարվածելու համար

Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին հայտարարել է, որ ԱՄՆ-ի կամ Իսրայելի ցանկացած հարձակում Իրանի միջուկային օբյեկտների վրա կդիտարկվի որպես «խենթություն» և տարածաշրջանի համար աղետալի հետևանքներ կունենա։

«Դա սարսափելի աղետ կլինի ամբողջ տարածաշրջանի համար»,- ասել է նա Sky News-ին տված հարցազրույցում՝ ընդգծելով Իրանի դիրքորոշումը։

Այս հայտարարությունները հնչել են Դոնալդ Թրամփի նախագահությունից հետո Արաղչին, առաջին հարցազրույցում։ Նա կտրուկ է արձագանքել ԱՄՆ-ի նախկին նախագահի «նոր համաձայնագրի» գաղափարին՝ շեշտելով. «Իրավիճակը տարբեր է և շատ ավելի դժվար, քան նախորդ անգամը»։

Թեհրանում հանդես գալով՝ Արաղչին ծաղրել է Պաղեստինի վերաբերյալ ԱՄՆ-ի առաջարկը՝ ներկայացնելով իր սեփական առաջարկը։

«Պաղեստինցիների փոխարեն փորձեք վտարել իսրայելցիներին և ուղարկել նրանց Գրենլանդիա՝ երկու խնդիր լուծելու համար»,–ասել է նա։

Իրանը պնդում է, որ իր միջուկային ծրագիրը խաղաղ նպատակներով է։ Այնուամենայնիվ, Թրամփի՝ միջազգային միջուկային համաձայնագրից դուրս գալուց հետո, Արևմտյան երկրները պնդում են, որ Իրանը վերսկսել է ուրանի հարստացումը՝ միջուկային զենքի համար։ Միևնույն ժամանակ, Իրանը նշել է, որ նոր բանակցությունների կգնա միայն, եթե ԱՄՆ-ն քայլեր ձեռնարկի վստահության ամրապնդման համար։

Արաղչին անդրադարձել է նաև Իրանի դաշնակիցների՝ ՀԱՄԱՍ-ի և «Հեզբոլլահ»-ի իրավիճակին՝ նշելով, որ նրանք թուլացել են, բայց «վերականգնվում են»՝ իրենց գաղափարներին հավատարիմ մնալու շնորհիվ։

Թեհրանի փողոցներում բնակիչներից շատերը հույս են հայտնել Արևմուտքի հետ համաձայնագիր կնքելու մասին, որը կթեթևացնի ծանր տնտեսական իրավիճակը, որտեղ գնաճը գերազանցում է 50%-ը, գործազրկությունը բարձր է, և արժույթը հասել է ամենացածր արժեքին։ Չնայած դրան՝ Իրանի և ԱՄՆ-ի միջև վստահության բացակայությունը մարտահրավեր է նոր համաձայնագրի ճանապարհին։