28 հունվարի 2025 - 14:45 AMT
Սիմոնյան. Իշխանությունն անում է ամեն ինչ՝ ժամանակակից բանակ ունենալու համար

Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ Զինված ուժերի կազմավորման 33-րդ տարեդարձի առիթով՝ ընդգծելով բանակի դերն անկախության և անվտանգության ապահովման գործում։

Նա նշել է, որ իշխանությունն անում է ամեն ինչ՝ ժամանակակից բանակ ունենալու համար։

«Շնորհավորում եմ բոլորիս Հայաստանի Հանրապետության բանակի 33-րդ տարեդարձի առթիվ: ՀՀ զինված ուժերի ստեղծումից ի վեր մեր բանակը բախվել է տարբեր մարտահրավերների եւ այժմ էլ անցնում է կայացման ու բարեփոխումների ճանապարհով: Ճիշտ է, դա այդքան էլ հեշտ չէ, բայց մեր իշխանությունն արել ու անում է ամեն ինչ, որպեսզի Հայաստանն ունենա ժամանակակից, ուժեղ եւ մարտունակ բանակ, որը կդառնա մեր պետության անկախության, անվտանգության եւ ինքնիշխանության երաշխավորն ու պաշտպանը», - նշել է Սիմոնյանը։

Նա առանձնահատուկ շնորհակալություն է հայտնել սահմանին կանգնած զինծառայողներին՝ նշելով, որ նրանց անսասան ծառայության շնորհիվ քաղաքացիները կարողանում են հանգիստ ապրել և արարել իրենց երկրում։

«Խոնարհումս մեր բանակի բոլոր անմահացած քաջերի հիշատակին, որոնց շնորհիվ Հայաստանի Հանրապետությունը կանգուն է։ Փա՛ռք Հայոց բանակին», - եզրափակել է Սիմոնյանը՝ մաղթելով զինծառայողներին բարի ծառայություն և խաղաղ երկինք։

Հունվարի 28-ին նշվում է ՀՀ Զինված ուժերի կազմավորման 33-րդ տարեդարձը։