Հայ-թուրքական կարգավորման գործընթացի շրջանակում Թուրքիայի հատուկ ներկայացուցիչ Սերդար Քըլըչը հանդիպում է ունեցել արտաքին գործերի նախարարության մի շարք ներկայացուցիչների հետ։ Քննարկմանը մասնակցել են նաև Կարսի Առևտրի և արդյունաբերության պալատի ղեկավար Քադիր Բոզանը և կառավարման խորհրդի անդամներ, հայտնում է թուրքական RadioYanki-ն։
Թուրքական աղբյուրը նշում է, որ հանդիպման ընթացքում բարձրացվել է Կարսի Աքյաքյա շրջանի «Արևելյան դարպասի» բացման հնարավորությունը։ Քննարկվել են նաև սահմանակետի գործարկման արդյունքում Կարսի սոցիալ-տնտեսական վիճակի վրա դրա ազդեցության հնարավորությունները, գրում է ՍիվիլՆեթը։
«Ուշադիր հետևում ենք Ադրբեջան-Թուրքիա և Հայաստան կարգավորման գործընթացին։ Ադրբեջանի, Թուրքիայի և Հայաստանի միջև խնդիրների լուծման և կարգավորումից հետո «Արևելյան դարպաս» սահմանակետի բացումը ոչ միայն կնպաստի Կարսի սոցիալ-տնտեսական իրավիճակի բարելավմանը, այլև՝ ամբողջ տարաշրջանի», – նշել է Քադիր Բոզանը։
Նա ընդգծել է, որ սահմանների բացման պարագայում հնարավոր է առևտրային ծավալների ընդլայնում։
Չնայած Թուրքիան պաշտոնապես հայտարարում է, որ Երևանի և Անկարայի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը ընթանում է առանց նախապայմանների, թուրք պաշտոնյաները շարունակաբար այդ հարցը կապում են Հայաստանի և Ադրբեջանի միջև ստորագրվելիք խաղաղության պայմանագրի հետ։
Վերջերս հայ-թուրքական բանակցություններում Հայաստանի հատուկ ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանը լրագրողների հետ զրույցում չի համաձայնել այն պնդմանը, թե երկխոսությունը փակուղի է մտել։ Նա շեշտել է, որ մշտական կապ է պահպանում իր թուրք գործընկերոջ հետ՝ ընդգծելով, որ կարգավորման գործընթացը մեծապես կախված է թուրքական քաղաքական կամքից։