Բնակարանների գները Երևանում 2024–ին աճել են՝ կենտրոնում 1 քառակուսի մետրի համար հասնելով 909․1 հազար դրամի։ Աճը կենտրոնում կազմել է 1 տոկոս։ Այդ են վկայում Հայաստանի կադաստրի կոմիտեի հրապարակած վիճակագրական հաշվետվության տվյալները։
Երևանում անշարժ գույքի ամենաբարձր գներն արձանագրվել են հենց կենտրոնում, որտեղ դրանք 5-6%-ով գերազանցում են քաղաքի այլ շրջանների ցուցանիշները։ Բացի այդ, թանկացումներ են գրանցվել նաև Նոր Նորք, Դավթաշեն, Ավան և Քանաքեռ-Զեյթուն համայնքներում, հատկապես նորակառույց շենքերի մեծացման հետևանքով, հայտնում է Sputnik Արմենիան։
Մայրաքաղաքի մյուս համայնքներում ևս 2024-ին գները բարձրացել են՝ ,b>միջինում 3-4%-ով, և առկա է շինարարության ակտիվացում։ Կառուցապատողները ձգտում էին հնարավորինս մեծ թվով նոր շենքեր կառուցել, որպեսզի դրանցում վաճառվող բնակարանները ներառվեն հարկային արտոնությունների շրջանակում։
2025-ից նորակառույցներում հիփոթեքով բնակարան ձեռք բերելու դեպքում եկամտահարկի վերադարձի ծրագիրն այլևս չի գործում։ Այդ արտոնությունը դադարեցվել է 2022 թվականի հուլիսի 1-ից հետո կառուցված շենքերի համար։
Կենտրոնում և Արաբկիրում նորակառույցների թիվը զգալիորեն նվազել է, քանի որ շուրջ մեկ տարի է՝ այստեղ հարկային արտոնությունները դադարեցվել են։
Նորակառույց շենքերում գները, որպես կանոն, բարձր են երկրորդային շուկայի համեմատ, ինչի հետևանքով Երևանի համայնքներում գների տատանումը բավականին մեծ է։ Օրինակ՝ Աջափնյակում մեկ քառակուսի մետրի արժեքը տատանվում է 35.4 հազար դրամից (մոտ 85 դոլար) մինչև 805.6 հազար դրամ (2 015 դոլար), իսկ Քանաքեռ-Զեյթունում՝ 72.1 հազար դրամից (180 դոլար) մինչև 807.5 հազար դրամ (2 019 դոլար)։