Փետրվարի 1-7-ը Ջերմուկում կանցկացվեն Համահայկական ձմեռային երկրորդ խաղերը, որոնց կմասնակցի ավելի քան 1300 պատվիրակ 19 երկրի 77 քաղաքից, հայտնում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից։
Համահայկական ձմեռային երկրորդ խաղերը կանցկացվեն հոկեյ, դահուկավազք, լեռնադահուկային սպորտ, սնոուբորդ, շախմատ, ձնամարտ և սպորտային պարեր մարզաձևերից:
Խաղերի բացման հանդիսավոր արարողությունը կկայանա Ջերմուկում փետրվարի 1-ին՝ ժամը 18:00-ին:
Համահայկական ձմեռային երկրորդ խաղերի ջահը վառվել է Նորավանքում: Նորավանքի հոգևոր հովիվն օրհնել էր խաղերի մեկնարկը և մոմի կրակով վառել ջահը։ Այն փոխանցվել էր Օլիմպիական խաղերի արծաթե և բրոնզե մեդալակիր, Եվրոպայի չեմպիոն, մարմնամարզիկ Արթուր Դավթյանին, Եվրոպայի փոխչեմպիոն, բրոնզե մեդալակիր, աշխարհի բացարձակ գավաթակիր Վահագն Դավթյանին, ծանրամարտի Եվրոպայի և աշխարհի պատանիների չեմպիոն, աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր Ալեքսանդրա Գրիգորյանին, աշխարհի և Եվրոպայի երիտասարդների չեմպիոն Էմմա Պողոսյանին։ Տիտղոսակիր մարզիկները ջահով ուղևորվել էին Ջերմուկ: