31 հունվարի 2025 - 11:25 AMT
Մի խումբ անձինք Հանրապետության հրապարակում ադրբեջաներեն «Ղարաբաղ» են երգել․ Պարզվել է՝ Իրանի քաղաքացիներ են

«Ռազմավարական հետազոտությունների անկախ կենտրոն» կազմակերպությունը ֆեյսբուքյան իր էջում մի տեսանյութ է հրապարակել, որտեղ մի խումբ անձինք Հանրապետության հրապարակում ադրբեջաներեն «Ղարաբաղ» են երգել։ Տեսանյութից երևում է, որ այն, հավանաբար, նկարահարանվել է Ամանորի օրերին՝ տեսանելի է հրապարակի տոնական հանդերձանքը։

Նյութը մեծ տարածում է ստացել համացանցում՝ ոմանք գրել են, թե այն հին է, նախորդ տարիներին է նկարահանվել։ Քաղաքագետ Գագիկ Համբարյանը ֆեյսբուքյան իր էջում ուշադրությունը հրավիրել է Կառավարության շենքի զարդարանքին՝ աստղիկներին, որոնք չկային նախորդ տարիներին։

«Ենթադրում եմ, որ այս ամենի կազմակերպիչը Ադրբեջանի հատուկ ծառայություններն են, ովքեր, նախ՝ սրանով ցույց տվեցին հայաստանցիներին, որ Հայաստանում որտե՛ղ, ե՛րբ և ի՛նչ ուզենան կանեն... Երկրոդը՝ այս ամենի կազմակերպիչները հաստատեցին ևս մեկ փաստ, որ Հայաստան ժամանող Իրանի ադրբեջանցի (թուրք) ազգությամբ քաղաքացիներից որոշ մասսան Ադրբեջանի գործակալական ցանցի ներկայացուցիչներ են և Բաքվի հրահանգով պատրաստ են ամեն ինչ անել Հայաստանում...»,–ասվում է գրառման մեջ։

Ավելի ուշ ԱԱԾ–ն հայտարարություն է տարածել այն մասին, որ վերոնշյալ անձինք Իրանի քաղաքացիներ են։

«Հունվարի 30-ի երեկոյան համացանցում տարածված և լայն արձագանք գտած տեսանյութի վերաբերյալ պարզաբանում ենք, որ տեսանյութում պատկերված անձինք իրականում հանդիսանում են Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացիներ»,–ասվում է գրառման մեջ։

Ներկայացված են նաև նրանց անուններն ու լուսանկարները։

«Նշված անձինք Հայաստանի Հանրապետությունում են գտնվել 2024թ. դեկտեմբերի 30-ից մինչև ս.թ. հունվարի 3-ը: Ազգային անվտանգության ծառայությունը կոչ է անում զերծ մնալ իրականությանը չհամապատասխանող և չճշտված տեղեկություններ հրապարակելուց և մեկնաբանություններից»,–ասվում է ԱԱԾ հայտարարության մեջ։