31 հունվարի 2025 - 14:48 AMT
Փաշինյան. Հայոց ցեղասպանության փաստն անքննելի է և անժխտելի

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Հայոց ցեղասպանության իրողությունը չի կարող հարցականի տակ դրվել՝ այդ փաստն անքննելի է և անժխտելի։

«Սա շատ հստակ, աներկբա, անքննելի ձևով արձանագրված իրողություն է»,–ասել է նա։

Վարչապետը նաև հիշեցրել է, որ Հայոց ցեղասպանության ժխտումը, ուրացումը կամ հերքումը ՀՀ քրեական հանցագործություն է։ Նա ընդգծել է, որ Մեծ եղեռնը պարզապես պատմական փաստ չէ, այլ հայերի ինքնության անբաժանելի մասը։

«Սա մեր արյան մեջ է, երակների մեջ, սա մեր ինքնության մաս է»,–ասել է նա։

Անդրադառնալով շվեցարահայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպմանն իր արած հայտարարությանը, որից հետո իր հասցեին Ցեղասպանության փաստն ուրանալու մեղադրանքներ հնչեցին՝ վարչապետը զարմանալի է համարել, թե ինչպես կարելի է ուրանալու մեջ մեղադրել մեկին, ով ասում է՝ ցեղասպանություն, ոչ թե այլ բառեր է օգտագործում։

Նա պարզաբանել է, որ իր հայտարարությունն այն մասին էր, որ Հայոց ցեղասպանության թեման ավելի լայն իմաստով ինքնաճանաչման գործիք պետք է դառնա։

«Ես ասում եմ այն մասին, որ գուցե մենք իրողությունները դարասկզբին էլ, դարի կեսերին էլ, դարավերջին էլ, այսօր էլ ճշգրիտ չենք ընկալում։ Կարո՞ղ է մենք չափից ավելի մեծ հույս ենք կապում արտաքին ինչ-որ քաջալերումների հետ, կարո՞ղ է լավ չենք հաշվարկում այդ ազդակներին մեր վերաբերմունքը։ Այս հարցը հրատապ է եղել դարասկզբին, հրատապ է նաև այսօր։Ընդ որում, ես պատասխան չունեմ։ Ես ասում եմ, ժողովուրդ ջան, այդ ճիշտ ռեֆլեքսիան շատ կարևոր է»,–ասել է նա։

Փաշինյանը հավելել է, որ մենք միշտ խոսել ենք Մեծ Եղեռնի մասին, բայց մեր իրականության մեջ, օրինակ, «ընկալվա՞ծ է երիտթուրքերի և ՀՅԴ հարաբերությունների հարցը»։ Նա շեշտել է, որ երբ սա փորձում ենք օգտագործել Հայ Հեղափոխական Դաշնակցությանը քննադատելու համար, ամբողջ թեման փոխվում է

«Իսկ կարո՞ղ է պարզվել, որ ինչ-որ շրջանակներ մեր ինչ-որ ցավոտ կետեր կարողացել և կարողանում են օգտագործել ՀՀ–ում մեր անկախ ինքնիշխան պետություն ունենալը անհնար դարձնելու համար։ Կարո՞ղ է այդպիսի բան պարզվի և այդպիսի բան պատահի։ Ես էլի եմ ասում, ես պատասխանի իմ տարբերակը ունեմ և դրա մասին ժամանակ առ ժամանակ խոսում եմ, բայց ես չեմ ուզում այդ պատասխանը որևէ ձևով փաթաթել մեր որևէ քաղաքացու վզին»,- ասել է վարչապետը։

Փաշինյանը Շվեյցարիաում հայ համայնքի հետ հանդիպմանը, անդրադառնալով Հայոց ցեղասպանությանը, ասել է, որ պետք է հասկանանք, թե «ինչ է եղել և ինչու»։

Շվեյցարահայ համայնքի հետ հանդիպման ընթացքում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հնչեցրած հայտարարությունները Հայոց ցեղասպանության վերաբերյալ դատապարտել է նաև Ռուսաստանի հայերի միությունը։