31 հունվարի 2025 - 15:20 AMT
Փաշինյան․ Սահմանազատումը 2024-ին առարկայացավ՝ Ադրբեջանի հետ առաջին երկկողմ փաստաթուղթն ունենք

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ 2024 թվականին ՀՀ և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացը զգալի առաջընթաց է գրանցել, առարկայացել է։ Նա շեշտել է, որ Ադրբեջանի հետ ստորագրվել է առաջին երկկողմ միջպետական փաստաթուղթը։ Վարչապետն այդ մասին խոսել է իր հրավիրած ասուլիսում։

Նա նշել է նաև, որ այդ փաստաթուղթը համապատասխան ընթացակարգերով հաստատվել է երկու երկրների կողմից՝ շեշտելով դրա կարևորությունը։

«Արդեն պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ առաջիկայում հանձնաժողովները կենտրոնանալու են Վրաստանի սահմանից մինչև Իրանի Իսլամական Հանրապետության սահման Հայաստան-Ադրբեջան սահմանի սահմանագծման աշխատանքների վրա»,- ասել է նա։

Հունվարի 16-ին ՀՀ ԱԳՆ-ն հայտարարեց, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև համաձայնություն է ձեռք բերվել սահմանազատման նոր հատվածի շուրջ։ Համաձայնությունը նախատեսում է աշխատանքների մեկնարկ հյուսիսային հատվածից՝ Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի սահմանների հատման կետից և շարունակություն հարավային ուղղությամբ՝ մինչև Հայաստանի ու Ադրբեջանի սահմանը Իրանի հետ։