4 փետրվարի 2025 - 12:05 AMT
Միրզոյանը, Ավինյանը և այլ պաշտոնյաներ՝ Ինֆորմացիայի ազատության կենտրոնի «սև ցուցակում»

Ինֆորմացիայի ազատության կենտրոնը (ԻԱԿ) հրապարակել է 2024 թվականի «սև ցուցակը», որտեղ ներառվել են այն գերատեսչություններն ու պաշտոնյաները, որոնք խախտել են քաղաքացիների կամ կազմակերպությունների տեղեկատվություն ստանալու սահմանադրական իրավունքը՝ տրամադրելով անհիմն կամ թերի պատասխաններ, անօրինական մերժումներ կամ անպատասխան թողնելով տեղեկություն ստանալու հարցումները։

Տեղեկատվություն ստանալու իրավունքի խախտման ցուցակում ընդգրկվել են ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը, Երևանի կենտրոն վարչական շրջանի նախկին ղեկավար Սամվել Ղուկասյանը, ՀՀ ներքին գործերի նախկին նախարար Վահե Ղազարյանը, Գյումրու նախկին համայնքապետ Վարդգես Սամսոնյանը, ինչպես նաև Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։

ԱԳ Նարախարարությունն ընդգրկվել է ցուցակում, քանի որ ներկայացրել է խիստ ընդհանրական պատասխան՝ ներկայացված չորս հարցերից և ոչ մեկի պատասխանը չտրամադրելով։

Այս տարի քաղաքապետ Տիգրան Ավինյանը ցուցակում է ընդգրկվել, քանի որ՝ չի պատասխանել Երևանի բնակիչների՝ անձնական տվյալների մշակման վերաբերյալ հարցմանը, կրկնակի հարցմանը տվել է թերի պատասխան՝ առանց օրինական հիմքի մերժելով անհրաժեշտ տեղեկատվության տրամադրումը։

Երևանի քաղաքապետարանը ամենահաճախ հիշատակվող կառույցն է ԻԱԿ սև ցուցակներում․ 24 տարում այն սև ցուցակում ներառվել է 12 անգամ։

2024 թ.-ին ԻԱԿ-ը պետական մարմիններ է ուղարկել տեղեկություն ստանալու 250 հարցում։ Տեղեկություն ստանալու հարցումների միջոցով հավաքագրված տվյալներն Ինֆորմացիայի ազատության կենտրոնն օգտագործել է շահերի պաշտպանության, իրավական աջակցության և հետազոտական նպատակներով։