Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը` ԶՊՄԿ-ի, աշխատակիցների կեսից ավելին կողմ է քվեարկել գործադուլի պահանջներին։ Գործադուլի մասնակիցները կազմակերպել են փակ, գաղտնի քվեարկություն՝ ցույց տալու, որ տնօրինության պնդումները, թե աշխատակիցների միայն 7-8 տոկոսն է պահանջում աշխատավարձի բարձրացում և աշխատանքային պայմանների բարելավում, չեն համապատասխանում իրականությանը։
Կոմբինատի 2448 աշխատակից «այո» է ասել աշխատավարձերի բարձրացման և աշխատանքային պայմանների բարելավման պահանջին։ Ընկերության պաշտոնական տվյալներով՝ կոմբինատում աշխատում է ավելի քան 4600 մարդ, հայտնում է «Ազատությունը»։
«Արդեն մոտենում է 2000-ին, որը մեզ համար բավական է, որ ցույց տանք, որ մեծամասնություն է», – փետրվարի 3–ի կեսօրին մոտ ասել էր կոմբինատի աշխատակից Շավարշ Մարգարյանը։
Գործադուլավորները քվեատուփեր էին տեղադրել Քաջարան քաղաքի կենտրոնում և կոմբինատի տարածքում։ Գործընթացի թափանցիկությունն ապահովելու համար աշխատակիցներն իրենց ուժերով տեսանկարահանել են քվեարկությունը։
Պղնձամոլիբդենային կոմբինատի ղեկավարությունն ավելի վաղ հայտարարել էր, թե գործադուլի մասնակիցները աշխատավարձի անիրատեսական բարձրացում են պահանջում՝ սպառնալով իրավական պատասխանատվության ենթարկել խախտումներ կատարողներին։
Հայաստանի թիվ մեկ հարկատուն նաև հրապարակել էր որոշ աշխատավարձերի չափեր՝ ֆլոտատոր՝ 399 - 594 հազար դրամ, փականագործ՝ 329 - 580 հազար դրամ, կոնվեյերավար՝ 450-480 հազար դրամ (հարկերը ներառյալ)։ Սա չհարկված աշխատավարձերի չափն է, իրականում աշխատավարձերը շատ ավելի քիչ են, ինչը, գործադուլի դուրս եկած աշխատակիցների համոզմամբ, հատուկ է արվել, որպեսզի մոլորեցնեն հանրությանը, իսկ ավելի ցածր աշխատավարձերի մասին ընդհանրապես որևէ խոսք չկա:
Աշխատակիցները, սակայն, նշում են, որ իրենց պահանջները հիմնավորված են, և պատրաստ են շարունակել գործադուլը մինչև դրանց բավարարվելը։
«Այդ գումարի 30 տոկոսը չի ստանում մարդը, փաստացի ինքը քիչ է ստանալու, իսկ իրենք ուզում են ուղղակի մանիպուլյացիա անել, մարդկանց մոտ տպավորություն ստեղծեն, որ տեսեք՝ այս քաջարանցիները ինչ կարգի հղփացած մարդիկ են՝ այդքան ստանում են, էլի պահանջում են», - նշել է Շավարշ Մարգարյանը։
Գործադուլի դուրս եկած կոմբինատի աշխատակիցները աշխատավարձի բարձրացումից բացի, մատնանշում են աշխատանքային վատ պայմանները, ասում են՝ 50-ականների հին տեխնիկան այդպես էլ չի փոխվում, փոխարենը իրենց ամեն շարժը հսկում են նորագույն տեսախցիկների միջոցով։
Հակադարձելով կոմբինատի այն պնդմանը, թե բոլոր աշխատակիցները, ներառյալ բանվորները և նրանց ընտանիքի անդամները, այդ թվում՝ նրանց ծնողները, ապահովված են առողջապահական ապահովագրությամբ, Հովհաննես Վարդանյանն իր օրինակով հերքել է։ «Իմ մայրը ուռուցքով հիվանդ էր անցած տարի, մահացավ: Ես դիմեցի, լիքը բաներ էին ուզում: Էն որ արդեն զզվում ես, որ իրենցից ինչ-որ մի կոպեկի աջակցություն ստանաս: Էդ համակարգը՝ ապպա-ն էլ, սաղ սուտ են», - պնդել է նա:
Երրորդ գիշերն է՝ գործադուլի դուրս աշխատակիցների մի մասը գիշերում է հենց կոմբինատի մուտքի մոտ՝ բաց երկնքի տակ։ Նախնական պայմանավորվածություն է ձեռք բերվել գործադուլի դուրս եկած մի քանի աշխատակիցների հետ միասին հանդիպել կոմբինատի տնօրեն Անդրեյ Սինիկովի հետ:
Կառավարությունը, որը Նիկոլ Փաշինյանի իշխանության գալուց հետո կոմբինատի 22 տոկոսի սեփականատերն է, առայժմ չի արձագանքել արդեն 4 օր շարունակվող գործադուլին և աշխատողների պահանջներին։