4 փետրվարի 2025 - 13:01 AMT
44-օրյայից հետո «Զինապահ» հիմնադրամի հատկացումները գերազանցել են 105 մլրդ դրամը

Զինծառայողների ապահովագրության հիմնադրամը վերջին չորս տարում հատկացրել է ավելի քան 105 միլիարդ դրամ՝ զոհված, անհետ կորած և ֆունկցիոնալ սահմանափակումներ ունեցող զինծառայողների ընտանիքներին:

Հիմնադրամը, որի միջոցները գոյանում են հարկատուների դրոշմանիշային վճարներից և սեփական ակտիվների կառավարումից, զինվորական ծառայության ընթացքում զոհված, անհետ կորած և վիրավորված զինծառայողների ընտանիքների սոցիալական պաշտպանության հիմնական երաշխավորն է։

Հիմնադրամի հավաքագրած միջոցների ընդհանուր ծավալը 2017-2025թթ. ընթացքում հասել է 222․9 միլիարդ դրամի: Միայն 2024թ. ընթացքում հավաքագրվել է 45․4 միլիարդ դրամ, գրում է ՍիվիլՆեթ–ը։

Ներկայում հիմնադրամի շահառուների թիվը հասնում է 5 484-ի: Նրանցից 4 555-ը զոհված զինծառայողների ընտանիքներ են, 248-ը՝ անհայտ բացակայող զինծառայողների հարազատներ, իսկ 681-ը՝ ֆունկցիոնալ սահմանափակումներ ունեցող զինծառայողների ընտանիքներ:

2020թ. արցախյան պատերազմից հետո հիմնադրամի հատկացումները կտրուկ աճել են: Եթե 2019թ. հատկացվել էր 822 մլն դրամ, ապա 2020թ. այս ցուցանիշը տասնապատկվել է՝ հասնելով 8 մլրդ դրամի: 2021թ. ևս գրանցվել է հատկացումների սրընթաց աճ՝ 44․4 մլրդ դրամ: 2022-2023թթ. հատկացումները համեմատաբար նվազել են՝ կազմելով համապատասխանաբար 16․8 և 14․7 մլրդ դրամ:

Ընթացիկ տարվա հունվարի հատկացումները կազմել են 1․5 միլիարդ դրամ, իսկ 2024-ին՝ 21,5 միլիարդ դրամ:

Հիմնադրամի սեփական ակտիվների կառավարումից ստացված եկամուտները ևս աճի միտում են դրսևորել՝ 2021թ. 1․8 միլիարդ դրամից 2025թ. հասնելով 25․3 միլիարդ դրամի:

«Զինապահ» հիմնադրամը հիմնադրվել է 2017 թվականին՝ հայրենիքի պաշտպանության ընթացքում զոհված, անհետ կորած ճանաչված զինծառայողների ընտանիքներին, ինչպես նաև առաջին և երկրորդ կարգի հաշմանդամություն ձեռք բերած զինծառայողներին կայուն ֆինանսական աջակցություն տրամադրելու նպատակով։